Լրահոս

30.01.2015 14:16


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015թ. տարեկան ծրագրով կիրականացնի ավելի քան 1160 ստուգում

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015թ. տարեկան ծրագրով կիրականացնի ավելի քան 1160 ստուգում
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսել է իրականացնել ստուգումներ 813 բարձր, 291 միջին և 58 ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ:

Ստուգումների պլանը կազմվել է նախորդ տարվա ստուգումների արդյունքների, դիմում-բողոքների և առկա այլ տեղեկատվության հիման վրա:

Այսպիսով՝ ընթացիկ տարում ստուգվելու են հանրային սննդի կազմակերպում իրականացնող ավելի քան 490 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից 250-ը նախադպրոցական ուսումնական հաստատություն, մանկատուն, հատուկ դպրոց, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդի իրացում կազմակերպող տնտեսավարողներ են: Ուշադրության կենտրոնում են գտնվում սննդամթերքի իրացում/առևտուր իրականացնող շուրջ 295 կազմակերպություններ, այդ թվում՝ մսի և ձկան իրացում իրականացնող 58 տնտեսավարող, հացի արտադրություն իրականացնող 110 տնտեսավարող, կաթնամթերք արտադրող 75 տնտեսավարող, մսամթերք արտադրող 20 տնտեսավարող: Նաև՝ ներմուծում և իրացում իրականացնող 17 ու պահածոյի, պաղպաղակի, ոգելից և ոչ ոգելից խմիչքների, շոկոլադի, տորթի, մակարոնեղենի, գարեջրի, հյութերի, սուրճի, թեյի ու սննդամթերքի հետ կապված այլ գործառույթներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներ:

Բացի տարեկան պլանային ստուգումներից, կիրականացվեն նաև դիտարկումներ և ոչ պլանային ստուգումներ` ելնելով քաղաքացիների դիմում բողոքներից և պետական ու այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվությունից:

Այս խորագրի վերջին նյութերը