Կարծիք

30.01.2015 12:46


Ձեզանից բան դուրս չեկավ

Ձեզանից բան դուրս չեկավ

Ժողովուրդը շնչահեղձ է լինում… Օր օրի կաթվածահար է լինում մի ոլորտ և մի ողջ սոցիալական խավ։ Քաղաքացիները պարտադրված են գալիս իշխանությունների դռները։

Սակայն իշխանությունը ոնց որ կար անտարբեր տարիներ առաջ, այնպես էլ մնաց։ Ավելին, 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո պարզ դարձավ, որ իշխանությունը որոնումների մեջ է, և իր տեղը չի գտնում արտաքին հարաբերությունների գործընթացներում։ 4-5 տարի իշխանավորները վազում էին Եվրոպա՝ ինքնաթիռների հետևից ջուր լցնելով…, և հանկարծ գիշերվա պայծառատեսությունը մեզ բոլորիս տարավ Արևելք՝ խրախճանքի ակումբ, որտեղ դոմինանտ են մահմեդական աշխարհում գրված և չգրված օրենքները։

Օրվա իշխանությունն իրեն պահում է գծի տիրոջ հոգեբանությամբ և կարծում է՝ ողջ Հայաստանը մի գիծ է, և գծի օրենքներով այն պետք է կառավարել։

Պարոնա՛յք իշխանավորներ, դուք ինքներդ հայտնվել եք առայժմ կարմիր գծերում… Ձեր պահվածքը վկայում է այն մասին, որ դուք դեռ ձեր տեղը չեք գտել կյանքում, սակայն պատահաբար և թյուրիմացաբար հայտվել եք իշխանական տարբեր բազկաթոռներում։

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի հարցում Հայաստանի ներկայացուցիչների չեզոք դիրքորոշումը վտանգավոր խաղի միայն մի մասն է։ Ո՞վ է տեսել հունվարի 12-ին սպանդ կատարած ոճրագործի նկատմամբ խաղացնել Ռուսաստանի Սահմանադրության հոդվածը և չկարողանալ ինքնադրսևորվել իբրև պետության ներկայացուցիչներ, իսկ փոխարենը՝ ռազմավարական գործընկերոջ հարցում, որին 49 տարով տվել եք ռազմակայան ունենալու հնարավորություն, հանդես բերել մեղվի կծոց։

Պարոնա՛յք, ձեր անլուրջ և անհետևողական գործողությունների արդյունքում տուժում են Հայաստանի քաղաքացիները։ Դուք գործում եք թղթախաղի օրենքներով՝ մոռանալով, որ քաղաքականության մեջ ձեր բլեֆը վաղուց նկատելի է, և բոլոր հիմնական խաղացողներն իրար իշմար են տվել։

Պարոնա՛յք, պահն է լրջանալու և ճիշտ հետևություն անելու, այլևս ոչ ոք ձեզ լուրջ չի կարող ընդունել։

Հետևե՛ք ձեր բառակույտին և քաղաքացիների հետ հարաբերվելու հարցում եղե՛ք բարեկիրթ ու պարկեշտ։ Բարձրագույն իշխանությունն իր պահվածքով, ակադեմիական գիտելիքներով, մարդկային փորձով և խորաթափանցությամբ պետք է կարողանա տարբերվել շատ-շատերից։ Շարքային քաղաքացին, առավել ևս՝ դպրոցահասակ երեխան, ի՞նչ կարող է ընդօրինակել ձեզանից։

Թոռնիկս ասում է. «Պա՛պ, մի հատ խիար տուր, որ հետդ գամ երթի…»։

Ի՞նչ ասեմ, խիար չկա, և ցուրտ է, թե մի խիարը սրանց ի՞նչ կանի…

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ՝ Գառնիկ Վաղարշակյան

Այս խորագրի վերջին նյութերը