Կարծիք

29.01.2015 00:42


Սերժ Սարգսյանի ակնկալած լայն կոնսոլիդացիայի նեղ կողմնակիցները

Սերժ Սարգսյանի ակնկալած լայն կոնսոլիդացիայի նեղ կողմնակիցները

Օրերս ավարտվեց ՀՅԴ համաժողովն, ու բյուրոյի հին ու նոր ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հեռուստաեթերով ամփոփեց կատարվածն ու նոր անելիքների մասին խոսեց:

Անկեղծ ասած, դաշնակների վերջին շրջանի քաղաքական խաղերն ու վայրիվերումներն այնքան են հանրության աչքում անլրջացրել նրանց, որ ոչ մի սպասելիք էլ Դաշնակցությունից չկա, ավելի ճիշտ՝ սպասում են միայն, որ վերջապես բացահայտորեն, այլ ոչ թե «հայրենասիրական» ձևակերպումներով կհայտարարեն, որ Սերժ Սարգսյանի հետ են, ու էլ մեզ իրենց երկար-բարակ արդարացումներով չծանրաբեռնեն, թե ինչու են նման որոշում կայացրել: Մեկ է՝ ամեն ինչ պարզ է:

Բայց, չէ, դեռ միտք ունեն. «Կողմ ըլլալով՝ դեմ կլլանք» ձևաչափից չհրաժարվել, մենք էլ ստիպված, թեպետ՝ դժկամությամբ, բայց անդրադառնում ենք իրենց:

Մի արդարացում էլ գտել են, թե՝ հայրենիքի անվտանգության հարցում իշխանությունների հետ միասնական են, կարծես՝ առավոտից երեկո Սերժ Սարգսյանի հետ միայն մեր երկրի անվտանգության հարցերն են քննարկում:

Դե եթե մի դաշնակցականը դեսպան է նշանակվում, մյուսը՝ հյուպատոս, արդեն պատկերացնում ենք, թե ադրբեջանցիներն ինչպես են լուրն իմանալուն պես խուճապահար փախել: Մինչդեռ, մեր երկրում հայրենիքի պաշտպանության հարցում բոլորն են միասնական՝ ահել թե ջահել, կին թե տղամարդ, ընդդիմություն թե իշխանություն: Ուղղակի ընդդիմության ու նաև հասարակության ճնշող մեծամասնության գնահատականով մեր երկրի անվտանգությանը սպառնացող թիվ մեկ վտանգը հենց Սերժ Սարգսյանն է՝ իր վարչակազմով, ու հարկավոր է ամեն ինչ անել օր առաջ սրանցից պրծնելու համար:

Ու պետք է վերջապես հասկանալ, որ համագործակցել Սարգսանի հետ Սահմանադրության փոփոխության հարցում, իբր թե դա բխում է Դաշնակցության պատկերացումներից, խոր մոլորություն է: Ազատիչը Սահմանադրությունը փոխելու ճանապարհով մտադիր է վերարտադրվել, ուստի նա, ով այդ հարցում աջակցում է նրան, ուրեմն նպաստում է նրա ձախողված քաղաքականության շարունակմանը: Սա ակնհայտ է:

Եվ յուրաքանչյուրը պետք է ականջին օղ անի, որ ով համագործակցում է Սերժ Սարգսյանի հետ, անկախ նրանից՝ ինչ չափով ու որ հարցում, ավտոմատ կերպով «սաշիկաբար» փայ է մտում «վերջին բոլշևիկի» հանդեպ հանրային ատելությանը, ու ամբողջությամբ մեղսակից դառնում այս վարչախմբի հանցավոր գործունեությանը, բայց դրա դիմաց, որպես կանոն, ստանում է ընդամենը հանրային արհամարհանք: Դա է Ազատիչի գործելաոճը. մինչև մեկին հրապարակայնորեն չի դարձնում դհոլ, նրան ոչինչ չի տալիս: Գեղամյանին հարցրե՛ք՝ կասի։

Դրա տեխնոլոգիան էլ շատ պարզ է. դհոլացնում է, որ եթե հանկարծ դժգոհ լինես ստացածիցդ ու նաև՝ Ազատիչի հետ համագործակցությունից, ապա այնպես վարկաբեկված լինես, որ որևէ տեղ գնալ չկարողանաս: Բայց որ այս պայմանին կհամաձայնվեր աշխարհասփյուռ ավանդական կուսակցությունը, ուղղակի աններելի է ու ցավալի: Առավել ևս, որ միայն ՀՅԴ վերնախավն է գնացել նման ստորացուցիչ գործարքի, բայց վարկաբեկվել է ողջ կուսակցությունը:

Իսկ եթե դաշնակները մինչև հիմա խելքի չեն եկել, ուրեմն ստիպված են լինելու հանդուրժել, որ երեկ՝ մեր փառապանծ բանակի տոնի առթիվ իշխանավորներն իրար շնորհավորեն, գովեստի խոսքեր շռայլեն, և միայն դաշնակներին ծաղրեն ու քննադատեն՝ Բ26-ի ենթակայության տակ գործող հեռուստաալիքով Խորհրդային Միության ժամանակ նկարահանված «Նվագախմբի տղաները» ցուցադրելով:

Մտածե՛ք, ընկե՛ր դաշնակներ, ինչի մեջ մտաք, ու կարողնալո՞ւ եք արդյոք այդտեղից դուրս գալ:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1534437686828013&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը