Լրահոս

28.01.2015 10:19


Շենգավիթում հայրը սպանել է որդուն

Շենգավիթում հայրը սպանել է որդուն
Երևանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան փողոցի 39 շենքի բնակիչ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու` 47-ամյա Գերման Ոսկանյանի անհայտ կորելու մասին: Հայրը ոստիկաններին հայտնել էր, որ որդին նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս տուն չի վերադարձել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 27-ին Արտաշիսյան փողոցի 39 շենքի բակում տեղակայված, Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, հողով ծածկված, հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը` գլխի մասում բազմակի վնասվածքների հետքերով:
Նույն օրը իր բնակարանից, սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Գերման Ոսկանյանի հայրը` 1940 թ. ծնված Կարապետ Ոսկանյանը:
Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 25-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում կացնով մի քանի անգամ հարվածել է որդու գլխին, սպանել նրան և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը նետել է կարտոֆիլի հորը և հողով ծածկել: Հետո գնացել է ոստիկանություն և տղայի անհայտ կորելու մասին ստահոդ հայտարարություն տվել:
Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է:
Կարապետ Ոսկանյանը ձերբակալվել և հանձնվել է նախաքննական մարմնին:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը