Կարծիք

27.01.2015 17:46


Կռիվը չի կարելի շոուի վերածել

Կռիվը չի կարելի շոուի վերածել

Վերջին երկու օրերին համեմատաբար խաղաղ էր սահմանին, ուստի կարող ենք նաև փոքր–ինչ ոչ էմոցիոնալ վերլուծություն անել՝ հնարավորինս զերծ մնալով պաթոսից, մանավանդ որ մեր բարձրաստիճան իշխանավորներն ընդհատակից դուրս եկել ու վրա-վրա հարցազրույցներ են տալիս, նշանակում է՝ գլուխները խառը չէ:

Կարծում եք՝ պատահականությո՞ւն էր, որ անցյալ շաբաթ զօրուգիշեր խոսվում էր մեր դիպուկահար կանանց սխրանքների մասին: Չէ՞ որ, ինչպես մեր բանակում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում դիպուկահար կանանց գոյությունը նորություն չէ: Ուստի, ինչո՞ւ հիմա ու այսպես բուռն, թե տեսեք՝ ինչեր են անում մեր կանայք հայրենիքի համար, որքան խիզախ են, որքան հայրենասեր:

Այն, որ սա զուտ քարոզչական նպատակներով նետվեց համացանց, պարզից էլ պարզ է. «Հենց նոր մեր դիպուկահար կնոջ գնդակից ադրբեջանցիների հրամանատար զոհվեց»:

Ինչպե՞ս է հնարավոր պարզել՝ ընկնողը զոհվե՞ց, թե՞ վիրավորվեց, կամ որ նա հրամանատար էր: Ի՞նչ է՝ դիակը բերել ենք մեզ մոտ ու հարցաքննե՞լ, թե՞ մեր արձակած գնդակից հետո ադրբեջանցիներն անմիջապես հաստատել են այդ լուրը:

Գուցե պատկերացում ենք կազմել զոհվածի համազգեստի տարբերանշանների՞ց: Բայց ո՞վ չգիտի, որ մարտի ժամանակ կռվողները չեն հագնում իրենց զորահանդեսային համազգեստը, ու այնպիսի տարբերանշան չեն կրում, որը դիպուկահարի համար տեսանելի լինի՝ ով է շարքային, իսկ ով՝ սպա: Ավելին, հակառակորդին մոլորեցնելու հնարք, որպեսզի դիպուկահարը շփոթի սպային շարքայինի հետ, կիրառվում էր անգամ երկրորդ աշխարհամարտի ժամանակ:

Բայց եթե մեր իշխանություններին պետք է հայրենասիրական պոռթկում, իրենց կարծիքով մի քիչ գունազարդելը չի խանգարի. մեկ է, այդ լարված պահին ո՞վ կհամարձակվի կասկածի տալ դնել ՊՆ խոսնակի հայտարարությունը, չէ՞ որ նման խիզախին անմիջապես ազգի դավաճան կհայտարարեն համացանցում:
Եթե մեզ ամեն օր ասվում է, որ մի հավատացեք Ադրբեջանի տեղակետվությանը մեր ու իրենց զոհերի և վիրավորների մասով, ուրեմն, որպեսզի մեր լուրերն էլ կասկածի տակ չառնենք, պետք չէ նման միամիտ կիքսեր տալ:

Լա՛վ, ի՞նչ կարիք կա այս լարվածության ողջ օրերին «էվրիկա» գոչել, թե չվախենաք. տեսեք՝ մեր կանայք ինչեր են անում, որից էլ համացանցում ոմանք ոգևորված բացականչում են, թե մեր ամեն մի կինը հարյուր տղամարդ արժի, ու դա ի նկատի չունեն ադրբեջանցի: Իսկ մենք ե՞րբ պետք է սովորենք մեկին ուղղակի գովել՝ առանց մյուսին փնովելու:

Մինչդեռ, դաժան իրականությունն այն է, որ վերջին օրերին Գյումրու ողբերգության հետ կապված որոշ բարձրաստիճան պաշտոնյաների անպատվաբեր պահվածքի պատճառով ոտնատակ ընկան «տղամարդու խոսք» ու «տղամարդկություն» արտահայտությունները, ու մարդիկ ենթագիտակցորեն տագնապ զգացին, որ եթե նման իշխանություններն են մեզ ղեկավարում, ու այս կարգի ուժայինները՝ մեր երկրի անվտանգությունն ապահովում, դրա համար էլ մեր թշնամին կլկտիանա, բա ի՞նչ կանի:

Դե հո իշխանության քարոզիչները չէի՞ն կարող ասել, թե սահման պահողներին բարձրաստիճան իշխանավորների արշինով մի չափեք: Դրա համար ստիպված ասացին, որ եթե հույսներդ տղամարդկանցից կտրել եք, մեր խիզախ կայանք սարի պես կանգնած են թշնամուն դեմ հանդիման. չէ՞ որ «Ասլանն ասլան է՝ լինի էգ, թե որձ»:

Իսկ մեր վախկոտ թշնամին ասլան է կտրել Սերժ Սարգսյանի վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական խայտառակ ձախողումների պատճառուվ, ու մեր դիպուկահար կանանց սխրանքով արբեցած՝ չի կարելի զբաղվել ինքնահանգստացմամբ:

Կյանքը ցույց է տվել, որ ադրբեջանցիները մեր պատասխան գործողություններից ոչ թե սսկվում են, այլ մարաղ մտնում ու նոր ավանտյուրա նախապատրաստում, որի ընթացքում ավելի մեծ կորուստներ ենք ունենում: Իսկ մեր ամեն զոհը մի տան ճրագ է, որոնց մասին մտածում ենք, համացանցում կենսագրությունները տարածում, վերջին նամակն ընթերցում, նրանց կյանքի պատմությանը ծանոթանում, երբ արդեն մեզ հետ չեն նրանք: Իսկ մինչ այդ մեզ մոտ մի տպավորություն է, որ սահմանը պահողներն ինչ–որ վերացական պինդ տղերք են, որ կարողանում են թշնամուն ավելի մեծ վնաս հասցնել: Իսկ սա այն դեպքը չէ, որ հաջողություն համարենք՝ մեր զոհերի թիվը թշնամու զոհերի հետ համամատելով։ Մեր ամեն մի զինվորի ամեն մի կաթիլ արյունն անչափելի է, հասկացե՛ք վերջապես, ու այս ամենից շոու մի՛ սարքեք:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1533775523560896&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը