Քաղաքական

27.01.2015 14:01


Սարգիս Ավետիսյան. «Խորհրդաժողովը սկիզբ կդնի մնացած կարևոր գործողությունների մեկնարկին»

Սարգիս Ավետիսյան. «Խորհրդաժողովը սկիզբ կդնի մնացած կարևոր գործողությունների մեկնարկին»

Այսօրվա ասուլիսին «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը խոսելով երկրում առկա քաղաքական գործընթացներից՝ նշել է, որ ներքաղաքական խնդիրները զգալի են և մտահոգիչ։

–Հասարակությունը ծայրաստիճան բևեռացված վիճակում է գտնվում և՛ սոցիալական, և՛ քաղաքական խնդիրների, և՛, ինչու ոչ, նաև բարոյական խնդիրների առումով։ 2015 թվականն այդ առումով կլինի շատ լարված։ Մեզ սպասվում են բավականին լուրջ մարտահրավերներ, և եթե մեր պետությունը, իշխող քաղաքական ուժը և նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը որևէ բան չփորձեն մեր երկրում փոխել, ապա դժվար է ասել, թե առաջիկա երկու տարում ինչ է մեզ սպասվում։

Բանախոսն ընդգծել է՝ երկրին անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ բոլո՛ր ոլորտներում։

Անդրադառնալով Գյումրու դեպքերին՝ Ավետիսյանը նշել է՝ պատասխանատու է ոչ միայն ՀՀ դատախազությունը, այլև երկրի անվտանգության ծառայությունները, ներքին գործերը, ոստիկանությունը և այլք, հետևաբար այդ ուղղությամբ, ըստ նրա, լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ։

Խոսելով փետրվարի 5-ին Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովից՝ բանախոսը հավաստել է, որ «Համերաշխություն» կուսակցությունը մասնակցելու է միջոցառմանը։

–Ողջունելի է, որ այդպիսի խորհրդաժողով է կազմակերպվում։ Կարևոր է, որ խորհրդաժողովին մասնակցում են տարբեր քաղաքական կուսակցություններ, շարժումներ, հասարակական կազմակերպություններ, և հնարավորություն կունենան կարծիքներ արտահայտել և ընդհանուր որոշում ընդունել, գալ ընդհանուր հայտարարի։

Բարձր գնահատելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը՝ Ավետիսյանը նշել է, որ այդ խորհրդաժողովը սկիզբ կդնի երկրում մնացած կարևոր գործողությունների մեկնարկին։

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա Սարգիս Ավետիսյանը մեկ անգամ ևս հաստատել է, որ իր կուսակցությունը դեմ է դրանց. «Շատ լավ հասկանում ենք, որ նախագահի ընտրությունը միակ քաղաքական ընտրությունն է Հայաստանում։ Մնացած բոլոր ընտրություններում մեր հասարակությունը կատարում է ոչ քաղաքական ընտրություն», – հավելելով, որ երկիրը պետք է ասելիք ու անելիք ունեցող նախագահ ունենա՝ հաշվի առնելով նաև այն տարածաշրջանը, որտեղ գտնվում է այն։

«Մենք քայքայման գործընթացի մեջ ենք մտել. անընդհատ ինչ–որ բան տրոհվում է, տրոհման գործընթաց է գնում մեր երկրում, ամեն ինչ քանդվում է, ամեն ինչ քայքայվում է...», – ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը