Կարծիք

24.01.2015 10:10


Սարգսյանի ուշքն ու միտքը և մեր անելիքը

Սարգսյանի ուշքն ու միտքը և մեր անելիքը

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը հարցազրույց է տվել, որում բավական լուրջ և անթերի գնահատականներ է հնչեցրել երկրում ստեղծված բարդ իրավիճակի ու դրանից դուրս գալու ուղիների մասին: Հիմնավորումներ է ներկայացրել, որոնց հետ դժվար է չհամաձայնվել:

Բայց որքան մեծ եղավ հիասթափությունս, որ այդ հարցազրույցին անդրադառնալով՝ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, այդ հիմնավոր վերլուծությանը որևէ հակափաստարկ չկարողանալով բերել, ընդամենը նշել է, թե Քոչարյանն ամեն ինչ սևացրել է, որպեսզի վերջում ասի, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին:

Իրականում Քոչարանն իր հարցազրույցի վերջում ուղղակի հպանցիկ անդրադարձել էր այդ թեմային, իսկ հիմնական գնահատականները միանգամայն այլ հրատապ թեմաների մասին էին: Իսկ սա վկայում է, որ մեր իշխանությունների ուշքն ու միտքը, անգամ՝ այս լարված օրերին, միայն սահմանադրական փոփոխություններն են, որպեսզի կարողանան Սարգսյանին «հավերժացնել» երկրի ղեկավարի աթոռին: Դրա համար էլ միայն այդ թեման են նկատել Քոչարյանի հարցազրույցի մեջ:

Ստացվում է, որ երկրում ինչ էլ կատարվի, ռուս զինծառայողը մի ողջ ընտանիք գնդակահարի, ամեն օր սահմանի վրա թշնամու գնդակից հայ զինվոր զոհվի, Սարգսյանն, իբր, այս ամենի տակից դուրս է եկել, հիմա էլ միայն անհանգիստ է, որ հանկարծ Քոչարյանի քննադատությանը շատերը չհավատան, ու դրանով նաև Սահմանադրության փոփոխությունը մերժելու նրա գնահատականը հիմնավոր համարեն:

Բայց ինչպե՞ս կարելի է թույլ տալ գործող նախագահի վերարտադրությունը, երբ նրա պաշտոնավարման ամեն օրը քայքայիչ ազդեցություն է ունենում մեր պետության համար:

Եվ որպեսզի Ազատիչի՝ ամեն հարցում միայն անձնական շահով առաջնորդվելու հոգեբանությունը լավ հասկանանք, տեսեք, թե իշխանության մեկ այլ «սազանդար» ինչ թեմա է գտել նրան գովելու համար: Թե նա այնքան ճկուն բանակցող է, որ կարողացել է այնպիսի արտոնյալ պայմաններ պոկել մեր երկրի համար ԵՏՄ-ից, որ անգամ Ղազախստանին ու Բելառուսին չի հաջողվել: Ու, ոչ ավել, ոչ պակաս, նշվում է Ազատիչի կամակատար բիզնեսմենի ներկրելիք շաքարավազի մաքսատուրքը երկու տարով չբարձրացնելը: Բայց բոլոր մարդիկ հո իրենց նման միաբջի՞ջ չեն և կարող են, չէ՞, հակադարձել, որ եթե այդպես լավ բանակցող եք, ինչո՞ւ չկարողացաք Ավետիսյանի ընտանիքը վերացրած այդ տականքի հարցով բանակցել, և ինքնանվաստացման չենթարկվել Կրեմլում: Թե՞ Պերմյակովին մեր իրավապահներին հանձնելու մեջ Սարգսյանն անձնական շահ չունի. դա հո շաքարավազի փայի բազա՞ր չի, որ «վիզ դնի»:

Այս օրերին թշնամու ակտիվացման ֆոնին որ չեն ասում՝ պետք է բոլոր տարաձայնությունները մի կողմ դնել ու համախմբվել գերագուն գլխավոր հրամանատարի շուրջ, զայրույթից ճնշումս բարձրանում է: Ախր, նա ի՞նչ հրամանատար. նա վաղուց արդեն մեր երկրում ՌԴ գերագույն գլխավոր կամակատարն է: Սա պետք է լավ իմանանք, որպեսզի դրանից բխող մեր առաջիկա անելիքն էլ իմանանք:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1532343553704093&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը