Լրահոս

24.01.2015 09:56


Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները մարզական հավաքների են իրենց ակումբների կազմերում

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները մարզական հավաքների են իրենց ակումբների կազմերում
Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող գրեթե բոլոր ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից և վերսկսել են մարզումներն իրենց ակումբների կազմերում:

Ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին այս օրերին Մոսկվայի «Դինամոյի» կազմում Թուրքիայի Բելեկ քաղաքում է և իր թիմի կազմում պատրաստվում է Եվրոպա Լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի բելգիական «Անդերլեխտի» հետ հանդիպումներին: Մեր ընտրանու առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք էր ստացել դեռևս դեկտեմբեր ամսին, արդեն վերսկսել է մարզումները Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Ազգային հավաքականի կիսապաշտպանը վնասվածքից հետո առաջին անգամ է մարզվել ընդհանուր խմբում:

Ռոբերտ Արզումանյանն իր նոր թիմի՝ Պերմի «Ամկարի» հետ նույնպես Բելեկում է: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը ղազախական «Ակտոբեից» տեղափոխվել է Պերմի «Ամկար» և այդ թիմի կազմում արդեն հասցրել է մասնակցել ղազախական երկու ակումբների՝ «Ատիրաուի» և «Օրդաբասիի» դեմ ընկերական հանդիպումներին: Արաս Օզբիլիսը, ով վնասվածք էր ստացել դեռևս մայիսին, շարունակում է վերականգնումը: Մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստն արդեն մարզվում է գնդակով և այս օրերին «Սպարտակ-2»-ի հետ կրկին Թուրքիայում է: Ազգային հավաքականի մյուս առաջատարը՝ մեր ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը Իսպանիայում է, որտեղ Մոսկվայի «Սպարտակը» անցկացնում է իր մարզական հավաքը:

Ազգային հավաքականի մյուս ֆուտբոլիստները՝ Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը և Արթուր Միրանյանը՝ իրենց ակումբի՝ մակեդոնական «Վարդարի» կազմում մասնակցում են մարզական հավաքի Ավստրիայում: Գևորգ Ղազարյանն առայժմ շատ խաղաժամանակ չի ստանում հունական «Օլիմպիակոսի» կազմում և մասնակցում է միայն Հունաստանի գավաթի խաղարկության հանդիպումներին: Կառլեն Մկրտչյանը միացել է իր նոր թիմին՝ ղազախական «Տոբոլին», որը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Այս օրերին «Տոբոլը» նույնպես մարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Արտակ Եդիգարյանը, ով արդեն ապաքինվել է վնասվածքից, իր ակումբի՝ «Ժալգիրիսի» կազմում այս օրերին մարզական հավաքի է մասնակցում Բրազիլիայում:

Արտյոմ Սիմոնյանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» երկրորդ թիմի կազմում, փորձաշրջան է անցնում շվեյցարական «Ցյուրիխում»: Մեր ֆուտբոլիստն արդեն մասնակցել է նաև ընկերական հանդիպման: Մարկոս Պիզելլին «Ակտոբեի» կազմում մասնակցում է տարվա առաջին մարզական հավաքին, որը կավարտվի այսօր: Դրանից հետո ղազախական ակումբը կանցկացնի ևս մեկ մարզական հավաք Թուրքիայում: Էդգար Մանուչարյանն առայժմ ապաքինվում է վնասվածքից: Արթուր Սարկիսովի թիմը՝ «Վոլգան», հունվարի 19-ին, ավարտեց իր առաջին մարզական հավաքը Սոչիում:

Այս խորագրի վերջին նյութերը