Լրահոս

24.01.2015 09:39


«Դժբախտ պատահարից» զոհված ադրբեջանցի պայմանագրայինին թաղել են պատվո պահակախմբով

«Դժբախտ պատահարից» զոհված ադրբեջանցի պայմանագրայինին թաղել են պատվո պահակախմբով

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են պայմանագրային զինծառայող, 26 ամյա Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուի մահվան մասին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, զինծառայողը սպանվել է «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով։

Դեպքի առթիվ զինվորական դատախազությունը հարուցել է քրեական գործ, տեղեկացնում է Razminfo.am-ը։

Նման տեղեկություն հունվարի 23-ին հայտնել է ադրբեջանական Qafqazinfo լրատվակայքը՝ հղվելով ՊՆ-ի տրամադրած տեղեկությանը։ Նշենք, սակայն, որ չի հստակեցվում, թե երբ է գրանցվել միջադեպը։ Լրատվակայքը նշում է միայն, որ իրենց ունեցած տեղեկություններով, Բաբաշովը ծնունդով Ադրբեջանական ԽՍՀ Ֆիզուլու շրջանի Արազ-Զերգեր գյուղից էր։

Լրատվամիջոցը հրապարակել է նաև լուսանկարներ Բաբաշովի հուղարկավորումից, որոնցից պարզ է դառնում, որ նրան թաղել են պատվո պահակախմբի մասնակցությամբ, պատվո համազարկով և բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ, ինչը խիստ տարօրինակ է զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների խախտման հետևանքով զոհված զինծառայողին հուղարկավորելու պարագայում։ Հավանական է, որ Բաբաշովն իրականում վերջին օրերին հայկական ուժերի գործողություների արդյունքում սպանվածներից մեկն է։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբից իրավիճակը լարված է առաջնագծի ինչպես Արցախի, այնպես էլ Տավուշի հատվածներում։ Հակառակորդը ձեռնարկել է ներթափանցման մի քանի փորձ՝ որոշ դեպքերում կարողանալով կորուստներ պատճառել հայկական կողմին։ Ադրբեջանի ՊՆ-ն, սակայն, համառորեն լռում է սեփական կորուստների մասին։

Մանրամասները՝ Razminfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը