Լրահոս

23.01.2015 23:05


Երեք հեռախոսները տան անդամներինն էր, մեկ հոգու ոտնահետքեր են հայտնաբերվել, հեռացել է ոչ սովորական ճանապարհով. հարևաններ

Երեք հեռախոսները տան անդամներինն էր, մեկ հոգու ոտնահետքեր են հայտնաբերվել, հեռացել է ոչ սովորական ճանապարհով. հարևաններ

ԳԱԼԱ–ն գրում է, որ Ավետիսյանների տան թաղամասի բնակչուհիներից մեկը պատմեց, թե տանտիրոջ որդին՝ Արմենը, իր որդու մտերիմ ընկերն էր, հայր եւ որդի դեկտեմբեր ամսին էին վերադարձել արտագնա աշխատանքից, նշել էին նաեւ, որ հունվարի վերջին դարձյալ պատրաստվում էին մեկնել ՌԴ: Սկզբում աշխատել են Անապայում, իսկ վերջին անգամ մեկնել էին Տուապսե. «Տղեն տղուս ընկերն է, խելոք, շնորհքով, գնաց բանակ եկավ, անշառ, մարդ չգիտի՝ ինչ ասի, ինչ մտածի: Խոպանից նոր էին եկել հեր ու տղա, իմացանք, որ աշխատած փողերն էլ չէին տվել: Սերյոժան տղուս ասել էր՝ նոր տարին անցնի, նորից գնանք»,- պատմեց նրանց հարեւան տարեց կինը:

Իսկ մյուս բնակիչը, ով դեպքից 5 օր առաջ էր տեսել Սերյոժա Ավետիսյանին, ասաց, թե տանտերը իր հետ զրույցում էլ դժգոհել է, թե դրսում աշխատած գումարը չեն ստացել դեռեւս. «Համենայնդեպս իրանց ընտանիքը թշնամի չուներ, իրանց քրտինքով աշխատող մարդիկ, փող չունեին, որ էդ փողի համար անեին, խելոք, անշառ: Սերոժի մականունը Շանթիկ էր, ասի՝ ի՞նչղ ես Շանթիկ ջան, դեպքից 5 օր առաջ, ասավ՝ յոլա էլի, փող ունենային, էս խանութը 11 հազար դրամ պարտք կունենայի՞ն: Եսիմ ով է կանգնած էս ամենի հետեւում, թող դրան գտնեն»,- նշեց նա՝ շարունակելով, թե դեպքի օրը ժամը 11:30, երբ իմացել է կատարվածի մասին, ոստիկաններից էլ շուտ մտել է Ավետիսյանների տուն ու ահասարսուռ տեսարանի ականատես եղել. «Ավտոմատը թողել էր դեպքի վայրում ու սապոգները, մտա ներս ու միլիցեքն էկան: Սերոժի շորերն է հագել, գնացել, իրա շորերը թողել էր թախտին, դանակով 6 անգամ խփել էր փոքրին՝ վեց ամսական Սերոժիկին, 4 տարեկան աղջկան սրտին էր խփել: Առաջին սենյակում աղջկան է խփել, հետո երկրորդ սենյակում Սերոժին ու կնոջը, Սերոժը վափշե չէր շարժվել, իսկ կնոջ ոտքը դառած էր, իսկ վերջին սենյակում մահացողի տղեն գետին էր ընկած, հարսի երեսը չտեսա, ձեռքով մազերով փակել էր, երեխեն՝ աղջիկն էլ գիրկը խփված, երեւի ուզեցել է երեխուն պաշտպանե: Հա մեկ էլ աղջկա՝ Արաքսյայի սենյակում տեսա կոֆեի բաժակի մեջ 3 հատ շոկոլադ էր, ուրիշ բան չեմ տեսել»,- պատմեց Ավետիսյանների հարեւանը:

Նա ոստիկանների հետ դեպքի օրը մասնակցել է նաեւ թաղամասում իրականացվող աշխատանքներին. «Մեր տունը իրանց տնից մի քանի տուն է վար, երեք հատ շուն բերեցին ոստիկանները, շները գնացին մեր դռներով, վարի մասը խաղահրապարակ կա, էդ խաղահրապարակով կդառնան ձախ կելնին ծերանոց, էնտեղից էլ «Կարո» մարկետ, դրանից հետո էդ Պերմյակովի հետքերը կորում են, ասում են՝ երեւի մեքենա է նստել կամ եսիմ ինչ է արել»,- նշեց նա: Ապա հավելեց, որ իրենց համար Պերմյակովի նախաքննական ցուցմունքը, թե իբր ջուր է ցանկացել խմել, այդ պատճառով պատահականության սկզբունքով մտել է Ավետիսյանների տուն եւ կատարել հանցագործությունը, անհավանական են համարում. «Էդ տղեն մեկ ամսվա էկած էր, ի՞նչղ եկավ, որ հենց էդ տունը եկավ, ուրեմն դրա հետեւը մարդիկ կան, հիմի թող պարզեն, մեզ շատ հետաքրքիր է, կվախենանք, գիշերները չենք քնի, մեր վիճակն ահավոր է:

Ինչքան տուն կար, որ կարող էր մտներ, ցանկացած զինվոր, ինչ ազգից կուզեր լիներ, մեր դռները ծեծեր, մենք ջուր չէի՞նք տա, հա՞: Այ հիմի էս դեպքից հետո գան դուռ ծեծեն, պարզ է, որ չենք բացե: Հազար վարկած կա, կկարծեք մենա՞կ է եղել, կարող է սրան զակազ են տվել, ինքը զոհ է, ո՞վ իմանա, իրա ինչի՞ն էր պետք վերացնելու էս ընտանիքը: Հիմի դրան բերեն թաղ, դեպքի վայր, մենք իրանց ձեռք չենք տա, ես հարեւաններին էլ եմ զգուշացրել, մեզի պետք է ինքն ասի, ով է իրա հետեւը կանգնած, թող մենակ դա ասի, ուրիշ բան չենք ուզում, իմանանք՝ ով ու ինչի»,- եզրափակեց հարեւանը:

Մահացած տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի հորաքրոջ դուստրը՝ տիկին Ալիսան եւս նշեց, թե իրենց համար Պերմյակովի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներն անհիմն են, չեն հավատում դրանց հավաստիությանը եւ պահանջում են բացահայտել, թե ինչ է տեղի ունեցել իրականում, եւ սպանության դրդապատճառները որոնք են: Նա նշեց նաեւ, որ իրենց հասած տեղեկություններով Պերմյակովի մոտ գտնված 3 հեռախոսները եղել են Ավետիսյանների ընտանիքի 3 անդամներինը՝ տանտիրուհունը՝ տիկին Հասմիկինը, նրա որդու՝ Արմանի, եւ դստեր՝ Արաքսյայի հեռախոսները: Իսկ 6 հազար դրամը հավանաբար Արաքսյայի պայուսակից է հանել: Այլ իրեր բնակարանից չի գողացել, այդ թվում եւ ոսկյա զարդերը»։

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը