Լրահոս

23.01.2015 10:48


Առավոտյան Ադրբեջանը հերթական հարձակումն է իրականացրել. հայկական կողմն ունի 2 զոհ

Առավոտյան Ադրբեջանը հերթական հարձակումն է իրականացրել. հայկական կողմն ունի 2 զոհ

Այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ, հայկական կողմն ունի կորուստներ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը, շարունակելով սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, ՀՀ եւ ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների եւ հարձակումների մարտավարությունը: Ադրբեջանական զինված ուժերը, հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են անիմաստ դիվերսիաներ իրականացնել:

Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը: Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:

Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով՝ մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը, կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով, հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմն ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

ՀՀ ՊՆ-ն կիսում է մեր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին: Լարվածության ողջ պատասխանատվությունն ու հետեւանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»:

Այս խորագրի վերջին նյութերը