Լրահոս

22.01.2015 14:53


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ պետնախարարին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ պետնախարարին

Հունվարի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Մինորու Կիուչիին, ով Հայաստան է ժամանել՝ Երևանում Ճապոնիայի դեսպանության գործունեության մեկնարկի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Երևանում դեսպանություն հիմնելու՝ Ճապոնիայի կառավարության որոշումը, ինչը, նախարարի բնորոշմամբ, առավել կամրապնդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պետնախարար Կիուչին նշել է, որ Ճապոնիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և հենց դրանով է պայմանավորված Երևանում դեսպանություն բացելու որոշումը։ Մինորու Կիուչին փոխանցել է Ճապոնիայի կառավարության ցավակցությունները՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Հանդիպմանը անդրադարձ է արվել 2012թ. ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քաղաքական երկխոսության ակտիվացման, ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև փոխգործակցության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային փոխանակումների աշխուժացման հարցերին։

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանի զարգացմանը Ճապոնիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ ընդգծելով դրանց կարևոր նշանակությունը՝ ենթակառուցվածքների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման, բնական աղետների կանխարգելման բնագավառներում։ Երկուստեք ընդգծվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը մեծ ներուժ ունի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։ Պետնախարար Կիուչին ներկայացրել է Կորեական թերակղզում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը