Կարծիք

21.01.2015 15:52


Ո՞ւր են պատասխանատվություն կրողները

Ո՞ւր են պատասխանատվություն կրողները

Մինչ այս պահը որևէ կերպ չեմ անդրադարձել ոչ Գյումրու դեպքերին, ոչ էլ սահմանին տիրող իրավիճակին։ Չէի ցանկանա զուգահեռներ տանել Գյումրու դեպքերի և սահմանին ունեցած կորուստների միջև, սական զուգահեռներ, ամեն դեպքում, կան։ Այո, երկուսի պարագայում էլ քաղաքական խնդիր կա, սակայն խնդրի ծանրակշիռ մասը ներքաղաքական է և հրատապ լուծումներ է պահանջում։ Ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ Հայաստանը որպես գործընկեր և կամ ռազմավարական գործընկեր դիտարկող երկրները ևս լուրջ մտահոգվելու կարիք ունեն ՀՀ ներկայիս իշխանությունների մասով, քանզի Հայաստանում թեկուզ և ոչ ռադիկալ, սակայն հակառուսական տրամադրությունները բորբոքվեցին հենց այս իշխանությունների պատճառով։
Ինչևէ, վերադառնամ մեր ներքին խնդիրներին, որոնք լուծելու պարագայում միայն կարող ենք մտածել արտաքին խնդիրները լուծելու մասին։
Երբ քննադատում կամ խնդիրների լուծման ճիշտ ուղի ես մատնացույց անում, իշխանությունները հայտարարում են, թե իրենք են իշխանությունը, իրենք են որոշումներ կայացնում և պատասխանատվություն կրում։
Բայց և այնպես, այս իշխանությունները, արդեն որերորդ անգամ, երկրի համար ճակատագրական և ճգնաժամային իրավիճակներում խուսանավում են և հայտնվում միայն, երբ ամեն բան ավարտված է լինում։
Եվ հիմա հարց է առաջանում՝ ո՞ւր են պատասխանատվություն կրողները։
Ինչո՞ւ ենք մեր խնդիրների լուծումները փնտրում դրսում և արժանապատիվ վերաբերմունք պահանջում աշխարհից, երբ թույլ ենք տալիս, որ մեր երկիրն աշխարհին ներկայացնի մարդ, ում «պոնչո» են անում թուրքերը, իսկ նա շարունակում է պաշտոնավարել նույն այս իշխանությունների որոշումով։
Կարծում եմ, որ բոլորիս համար արդեն իսկ պարզ է, որ այս իշխանությունների պաշտոնավարման յուրաքանչյուր օրը հավասար է Հայաստանի մեկ տարվա հետընթացին, և որքան երկարաձգվի իշխանափոխությունը, այնքան խնդիրները շատանալու են։

Արմեն Ասլյան

Այս խորագրի վերջին նյութերը