Լրահոս

21.01.2015 14:29


Հայաստանի եւ Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համաձայնագիր

Հայաստանի եւ Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համաձայնագիր

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին:
Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահները կարեւորել են տեղի ունեցած սպանության լիարժեք բացահայտումը, բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտումը եւ պայմանավորվել իրականացնել համատեղ ու փոխհամագործակցված գործողություններ: Քննության ընթացքում համատեղ գործողությունների իրականացումը կկազմակերպվի համաձայնագրով ստեղծված շտաբի կողմից:
Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:
Քրեական գործի քննության ընթացքում փոխգործակցությունը եւ բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:
Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը եւ հետագայում դատավարությունը տեղի կունենա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:
ՌԴ քննչական կոմիտեի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ, որոնց առանցքում եղել են Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությանը վերաբերող հարցեր եւ քննության ընթացքը: Հունվարի 20-ի երեկոյան պատվիրակությունը վերադարձել է Մոսկվա:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը