Կարծիք

21.01.2015 12:42


ՈւՇԱԴՐՈւԹՅՈ՛ւՆ. փնտրվում է Սերժ Սարգսյանը

ՈւՇԱԴՐՈւԹՅՈ՛ւՆ. փնտրվում է Սերժ Սարգսյանը

Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը չէր գնա Գյումրի, քանզի իրեն նմանատիպ հարցեր չեն հետաքրքրում. նա ավելի հակված է գնալ ՀՀԿ երիտասարդ «սաքուլիկների» հետ Նոր տարի նշել, քան Գյումրի գնալ կամ սգո օր հայտարարել: Նա նույնիսկ առանձին ցավակցական խոսք հղեց մեր ժողովրդին միմիայն Պուտինի ցավակցությունից հետո: Բայց այստեղ հետաքրքիրն այն է, որ իմ տպավորությամբ՝ Սարգսյանն ընդհանրապես կորել է:

Եթե նկատել եք, վերջերս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը շատ է խոսում այն մասին, որ Գերմանիային արժե ներգրավել բանակցային գործընթացի մեջ: Եվ ահա, այսօր Ալիևը հանդիպելու է Մերկելի հետ, և, ի թիվս այլ հարցերի, միանշանակ, դա էլ կքննարկվի: Իսկ Սերժ Սարգսյանին սա չի՞ հետաքրքրում: Նա չի՞ ուզում սրա մասին իր կարծիքն ասել:

Ասեմ ավելին. եթե նկատել եք, Ադրբեջանը վերջերս իր երկրի ներսում ճնշում է բոլոր քիչ թե շատ ազատ մնացած կառույցները, և նույնիսկ այն կառույցները, որոնք Արևմուտքից են ֆինանսավորվում, օրինակ` փակում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայկական կողմն այս իրողությունը պարտավոր էր օգտագործել, և Արևմուտքում ամեն հարմար հարթակից պետք է հեռարձակվեին Սերժ Սարգսյանի և Նալբանդյանի դեմքերը, և նրանք պետք է բոլորին պատմեին, թե ինչ սարսափելի տոտալիտար և ֆինանսական համակարգ է տիրում Ադրբեջանում: Բայց, ինչպես տեսնում ենք, սա էլ Սերժ Սարգսյանին չի հետաքրքրում:

Եվ մեկ կարևոր հանգամանք` սուլթան Ալիևը մասնակցելու է Դավոսի բիզնես ֆորումին, իսկ Սերժ Սարգսյանին հերթական անգամ արհամարհեցին և չհրավիրեցին: Ի դեպ, սա հենց նույն Սերժ Սարգսյանն է, ով 2008թ-ից ի վեր՝ աջ ու ձախ իրեն փորձում էր արևմտամետ ձևացնել, ցույց տալ, թե փայլուն հարաբերություններ ունի անգամ Քլինթոնի հետ: Հիշեք, թե այն ժամանակ մեր երկրի սուտի արևմտամետներն ինչպես էին իրենց ճղելով գովում Սարգսյանին: Իսկ հիմա որտե՞ղ են այդ մարդիկ: Ո՞ւր են կորել: Թե՞ Բաղրամյան 26-ը փողն ուշացնում է, ու սաղ լռում են, Սարգսյանին էլ չեն գովում ու էլ չեն ներկայացնում որպես ազգի փրկիչ:
Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը