Լրահոս

21.01.2015 11:43


Ծավալված մարտերի ժամանակ զինվոր է զոհվել, մեկն էլ վիրավորվել է

Ծավալված մարտերի ժամանակ զինվոր է զոհվել, մեկն էլ վիրավորվել է

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

Հունվարի 20-ի՝ լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը, և վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ն. Ասատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը