Կարծիք

20.01.2015 22:47


Արմեն Հարությունյան. «Իշխանափոխության հարցը հրատապ է առավել քան երբևէ»

Արմեն Հարությունյան. «Իշխանափոխության հարցը հրատապ է առավել քան երբևէ»

Երեկ հիվանդանոցում մահացավ Ավետիսյանների ընտանիքի վեց ամսական բալիկը: Դժվար է բառեր գտնել՝ սփոփելու զոհվածների հարազատներին ու արտահայտելու այն ցավը, որ զգում է մեզնից յուրաքանչյուրը: Բայց առավել դժվար է զսպել ցասումը՝ անհավասարակշիռ քայլեր չանելու համար ու նաև վիրավորական արտահայտություններ թույլ չտալ հրապարակավ՝ այս ողբերգության ֆոնին, երբ երկրի գործող նախագահը միայն Պուտինից հետո մեծ օպերատիվությամբ ցավակցական խոսքով հանդես եկավ, երբ մեկ շաբաթ ծպտունը դուրս չեկավ այդ ընտանիքի վեց անդամի դաժան սպանության առիթով (չհաշված խորհրդակցությունն ու ՌԴ սահմանադրությունը պաշտպանելու մասին հայտարարությունը): Հիմա էլ, հասկանալով, թե ինչ համընդհանուր զզվանք է առաջացել հասարակության մոտ Սերժ Սարգսյանի հանդեպ, նախագահի պաշտոնական կայքում հետին թվով ցավակցական մի նախադասություն են խցկել, թե, իբր, հունվարի 12-ի խորհրդակցության ժամանակ գործող նախագահը ցավակցել է: Իսկ այս ողբերգության ֆոնին այսպիսի մանր ժուլիկությունը Սարգսյանի հանդեպ հասարակական զզվանքը վերափոխել է համաժողովրդական արհամարհանքի:

Մինչդեռ, օրերս «հայտնի բացակայող» Սերժ Սարգսյանը երկար-բարակ նամակով պատասխանեց Թուրքիայի նախագահի հրավերին: Իսկ նամակի վերջում Սարգսյանը պարզաբանում էր. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Կարելի է կարծել՝ դժվար է հասկանալ Էրդողանի նամակից, որ մերժում է Սարգսյանի հրավերը, ու նրանից հստակեցում ակնկալելը հիշեցնում է, թե ինչ է մեզ մոտ այդ առիթով ընդունված ասել՝ «դուզ» խոսքն ում են ասում:

Լա՛վ, կարելի՞ է անհաջողակ խաղամոլի նման անընդհատ խաղադրույք կատարել պարտված խաղի վրա՝ հույս ունենալով, որ կորցրածը հետ կբերես: Չհասկանալ, որ հայ-թուրքական հարաբերություններ հաստատելն այս փուլում անհնարին է՝ առանց մեզնից պահանջվող զիջումների:

Ժամանակին կարծում էի, որ եթե մեր դիվանագիտական կորպուսում պրոֆեսիոնալ դիվանագետներ շատ լինեն, այլ ոչ թե մարզիկներ ու գործարարներ, գուցե մի նորմալ խորհուրդ տային Սարգսյանին, բայց երբ համոզվեցի, որ, մեկ է, ով ուզում է՝ լինի, լուռումունջ կատարելու է գործող նախագահի հրահանգը, էլ ի՞նչ նշանակություն ունի՝ պրոֆեսիոնա՞լ է, թե՞ ոչ, առվել ևս՝ նշանակություն չունի՝ Սարգսյանի առաջ լռում է բազմիմա՞ստ, երկիմա՞ստ, թե՞ անիմաստ:

Եվ ցեղասպանության հարյուրամյակին մանրակրկիտ նախապատրաստվելով, արդյունքում՝ քաղաքական ու դիվանագիտական հետևանքներ ակնկալելով՝ արդեն կարելի է փաստել, որ դա ձախողված է, ու մեզ մնալու է ամեն տարվա նման մենք-մերոնցով հյուրերի հետ հարգանքի տուրք մատուցելն ու վե՛րջ: Իսկ քաղաքական հետևանքի մասին պետք է մոռանալ, երբ հավասարության նշան դրվեց մեր ողբերգության ու թուրքերի հաղթանակի միջև: Ու նրանք, ովքեր հորթի հրճվանքով գովերգում են Սարգսյանի պատասխան նամակը Էրդողանին, մի որոշ ժամանակ հետո խոր հիասթափությամբ ու բարդույթավորված նշելու են, թե ով չգիտի, որ թուրքական դիվանագիտությունը որքան է հզոր: Իրականում Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունն է անհուսորեն թույլ, ու նրա ցանկացած սխալ ժամանակին մատնանշում ենք, նաև՝ ճիշտ լուծումները նշում, պարզապես լսող չկա:

Այնպես որ, եթե ուզում ենք հաղթանակներ ունենալ բոլոր բնագավառներում, կամ գոնե սկզբնական փուլում կանգնեցնել ձախողումների ընթացքը, օր առաջ պետք է ազատվենք Սերժ Սարգսյանից ու այս իշխանություններից:

Ուստի, Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովից, որը միանգամայն հասկանալի պատճառով մի քանի օրով հետաձգվեց, ակնկալում եմ, որ հստակ ձևակերպվի, ու հարցը հետագայում քննարկվի նաև «եռյակի» առաջնորդների մակարդակով ու, ի վերջո, ներառվի համաժողովրդական շարժման օրակարգ, որ անկախ նրանից, թե Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների հետ կապված փետրվար կամ մարտ ամսին ինչ կհայտարարի, կամ հերթական անգամ կհետաձգի իր կարծիքի հրապարակումը, դրանով չպետք է պայմանավորված լինի համաժողովրդական շարժման օրակարգը:

Պետք է սկսել ակտիվ հանրահավաքային պրոցես իշխանափոխության հասնելու նպատակով: Իսկ «վերջին բոլշևիկի» տեսակետն ընդամենը կարող է փոխել, թե գնում ենք անցնցում իշխանափոխության ճանապարհով, թե, այնուամենայնիվ, ցնցումներն անխուսափելի են, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է Սերժ Սարգսյանի ու նրա վարչախմբի վրա:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1530910373847411&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը