Մեկնաբանություն

28.01.2011 12:55


Սարգսյանը շարունակում է «ֆուտբոլ» խաղալ, բայց առանց գնդակի

Սարգսյանը շարունակում է «ֆուտբոլ» խաղալ, բայց առանց գնդակի

Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հերթական անգամ հանդես է եկել իր «նախաձառնողականությամբ»՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղի խնդրի լուծման հետ, բայց նախքան այդ թեմաներով նրա «դարակազմիկ» մտքերին անդրադառնալը՝ եկեք տեսնենք, թե ինչպես էր իրեն պահում ինքնիշխան պետության նախագահը, երբ արտահայտվում էր այլ պետության մասին։

Պատասխանելով ռուսաստանցի լրագրողի հայ-ռուսական հարաբերություններին ու ՌԴ տարածաշրջանային դերին վերաբերող հարցերին՝ ՀՀ նախագահի պաշտոնում աշխատող մարդն այնպիսի ոճով էր ձևակերպում իր մտքերը, որ ամոթից կարելի է գետինը մտնել որպես ՀՀ քաղաքացի, ում պետությունը ներկայացնում է Սերժ Սարգսյանը։

Պարզվում է, որ Սարգսյանի համար մոտ մեկ ամիս Ռուսաստանում չլինելը սարսափելի երկար ժամանակահատված է և նա իր խոսքում հավաստիացնում է, թե շուտով կուղղի իր այդ մեծ բացթողումն ու մոտ օրերս կայցելի Մոսկվա, Կրեմլ, «դուզ» Մեդվեդևի մոտ։ Նա այդպես չասաց, իհարկե, բայց միտքը դա էր։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին ու ՌԴ դերին, ապա այս առումով էլ Սարգսյանն արտահայտվեց միջնադարյան վասալներին կամ ռուսական ծայրագավառի պռեֆեկտին հարիր ոճով։

«Ես պետք է իմ երախտիքը հայտնեմ Ռուսաստանի նախագահին, այն բանի համար, որ զբաղված է խաղաղ լուծումներ փնտրելով: Ռուսաստանը լրիվ ի զորու է զսպել մեր տարածաշրջանում սպառազինության մրցավազքը, մարտական գործողությունների վերսկսումը: Գուցե իմ խոսքերը շատ կտրուկ են հնչում, ինձ կարող են քննադատել, որ ես Ռուսաստանի հնարավորությունները գերագնահատում եմ: Բայց դա իմ համոզմունքն է»,- նշել է ՀՀԿ «ճկուն» ղեկավարը, ով երկու տարի առաջ իր սազանդարների շուրթերով քարոզում էր, թե հայ-թուրքական «ֆուտբոլով» վերջապես կկտրվի ՌԴ-ի հետ Հայաստանի կապերը։ Սարգսյանական այժմյան դիֆերամբներն առ Ռուսիա և Մեդվեդև ցույց են տալիս, որ եկել է «հայրենասիրության»,  ռուսահպատակության և ամեն առիթով ռուսական ղեկավարությանը արևելյան ոճով քծնելու փուլը։

Մի բան էլ ավելացնեմ այս առումով. ըստ Սարգսյանի ստացվում է, որ Ադրբեջանը չի սկսում պատերազմը ոչ թե այն պատճառով, որ հայկական զորքն իր մարտունակությամբ զսպում է հակառակորդի ախորժակը, այլ որ Ռուսաստանը լրիվ ի զորու է զսպել մարտական գործողությունների վերսկսումը: Բա եթե ՌԴ-ն է զսպելու մարտական գործողությունների վերսկսումը, այլ ոչ թե ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը, ապա այդ դեպքում ինչու՞ ենք Սարգսյանի պես նախագահ պահում, բյուջեից փող հատկացնում կառավարությանը, բանակ պահում և այլն, և այլն, և այլն։

Սարգսյանի հայտնած տեսակետը ցույց է տալիս, որ նա իրեն չի ընկալում որպես անկախ պետության նախագահ, այլ մշտապես տեր է փնտրում և երբ «գտնում» է՝ ընդամենը կատարում տարածք նայողի իր դերը. մարդն այդպիսի պատկերացումներ ունի, ի՞նչ կարող ես անել։

Հրահանգի սպասողը միշտ էլ տեր է փնտրում ու կապ չունի, թե ով կլինի այդ տիրոջ դերում։ Մի պահ  տիրոջ կարգավիճակում հայտնվել էր նույնիսկ Գյուլը։ Դա իշխանական թիմի «ֆուտբոլային» էյֆորիայի մեջ գտնվելու օրերն էին, երբ Գյուլին քննադատելը նրանց կողմից գնահատվում էր որպես Սերժ Սարգսյանին  ուղղված քննադատություն և, հետևաբար, արգելվում նախագահականի վերահսկողության տակ գտնվող «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաալիքներով։ Այժմ Գյուլը դարձել է «քըխ», իսկ «պուպուշի» դերում հայտնվել է Դմիտրի Անատոլևիչը։ Այսինքն՝ հաճոյանալու սարգսյանական գործելաոճը չի փոխվել, այլ միայն փոխվել է քծնանքի ուղղությունը։

Այժմ բուն թեմայի մասին։ Ղարաբաղի հարցում Սարգսյանը հերթական անգամ հանդես եկավ հողերը հանձնելու պատրաստակամությամբ։ Տպավորությունն այնպիսին է, որ այդ մարդն առիթ է ման գալիս, որպեսզի զիջումների մասին բարձրաձայնի և դա հատկապես արվում է օտարերկրյա ԶԼՄ-ների հետ հարաբերվելու ժամանակ։ Ու որքան շատ են հրադադարը խախտում և մեզ վնաս տալիս ադրբեջանցիները, այնքան ավելի մեծ էնտուզիազմով է հանձնելուց խոսում Սարգսյանը։ Որքան շատ է հոխորտում Ալիև Իլհամն ու սպառնում պատերազմով, այնքան ավելի «նախաձեռնող» է դառնում անհանդուրժելի ու անընդունելի Սարգսյանը։ Սա արդեն դիվանագիտական նրբություններին չտիրապետելու թերություն չէ մեր «ֆուտբոլասերի» կողմից, սա կլինիկակա՛ն դեպք է։

Անցնենք առաջ։ Խոսելով հայ-թուրքականի ու իր սիրած «մարզական» դիվանագիտության մասին՝ Սերժ Սարգսյանը հայաստանցիներիս համար նոր բացահայտումներ է անում։ Պարզվում է, որ  տխրահռչակ «ֆուտբոլն» սկսելիս ՀՀ դիվանագիտությունը 2 հնարավոր արդյունքների սցենար է ունեցել (տո լավ է՜, հաստա՞տ)։  Մի տարբերակով ենթադրել են, որ եթե Գյուլին սիրաշահեն ու նրան խնդրեն օժանդակել Ղարաբաղի հարցում, ապա դրա դիմաց սահմանները կբացվեն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն ու, երևի, բաց սահմանի համար այդ տրվելիքը քիչ համարելով՝  նաև համաձայնել են հայ և թուրք պատմաբանների մասնակցությամբ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու թուրքական նախապայմանին։ Իսկ ահա մյուս տարբերակով էլ, ըստ «ֆուտբոլային» դիվանագիտության ճարտարապետի, մտածել են, որ եթե բան չստացվի՝ ոչինչ։ «Բացասական արդյունքը նույնպես արդյունք է»,- իրենց «գերհզոր» բանաձևի մասին գաղտնազերծումներ է անում Սարգսյանն «Էխո Մոսկվիի» հետ զրույցում։ Այս մի ակնկալիքի մասին, եկեք արձանագրենք, որ մտածել, բայց չեն ասել մեզ։ «Հեղափոխական» այն օրերին իշխանական քարոզչամեքենան չէր խոսում այս երկրորդ տարբերակի մասին, բայց ահա օտարերկրյա լրագրողի հետ զրույցում «ծակվեց» Սարգսյանը։ Տեսնես ի՞նչ էինք անելու, եթե  «Էխո Մոսկվին» չլիներ. երևի այդպես էլ անտեղյակ կմնայինք իշխանության բազմավեկտոր մտածողության մասին։

Եթե հիշում եք, պալատական վերլուծաբանները, փրփուրը բերաններին, խոսում էին միայն այն մասին, որ շուտով կբացվի սահմանն ու վերջապես կսկսենք էժան լոլիկ ուտել, քանի որ արձանագրությունները դրա համար են ստորագրել այտերը փորձության ենթարկած Նալբանդյանն ու իր թուրք գործընկերը։ Ինչպես հայտնի է, թուրքերը հիմա մատի վրա խաղացնում են հայ «նախաձեռնողներին» և օգտվելով Սարգսյանի կոպիտ սխալից՝ մխրճվել են Ղարաբաղի հարցի կարգավորման տիրույթ և դուրս չեն գալիս։

Ստացվում է, որ մեր «գերիմաստունները» հաշված են եղել, որ թուրքերը կարող են ոչինչ էլ չանել, ու հայ-թուրքական «ֆուտբոլից» «օգուտ» կմնան միայն Նալբանդյանի փորձության ենթարկված թշիկները և ստորագրված զույգ արձանագրությունները։ Այս ամենը հաշվել ու գնացե՞լ են այդ քայլին։ Բայց չէ՞ որ դա չէր ասվել հանրությանը, այսինքն՝ մեզնից թաքցրել են այն, ինչ մտածել են։ Սա արդեն գաղտնապահություն չէ, այլ՝ ուրիշ բան։

Անկեղծ ասած՝ ես այն կարծիքին եմ, որ  Սարգսյանն ու իր թիմակիցները ոչինչ էլ չեն թաքցրել հասարակությունից և ոչ թե առաջնորդվել են նաև «բացասական արդյունքը նույնպես արդյունք է» մոդելով, այլ չեն պատկերացրել, որ տանուլ են տալու և հիմա ուզում են իրենց պարտությունը և դիվանագիտական անգրագիտությունը քողարկել տարատեսակ նախադասությունների տակ, որպեսզի ցույց տան թե իբր մենք ամեն ինչ հաշվարկել էինք։ Եթե հաշվարկած լինեին, ապա Սերժ Սարգսյանը հարևան երկիր մեկնելուց առաջ չէր հայտարարի, թե ինքը Թուրքիա կմեկնի բաց սահմաններով, կամ եթե մենք լինենք բացման նախաշեմին։ Նման հայտարարություն անողը չէր կարող մտքում ունենալ «բասացական արդյունքի» տարբերակը՝ շատ լավ հասկանալով, որ հետագայում անհարմար վիճակում կհայտնվի։  Սա այն դեպքն է, երբ տեղին է հիշել ժողովրդական խոսքը. աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է, թե խակ է։

Նկատենք, որ Սարգսյանի կողմից ռուս լրագրողի հետ բառափոխանակության ընթացքում շրջանառության մեջ դրված «բացասական արդյունքն էլ արդյունք է» ձևակերպումը շատ վտանգավոր է, քանի որ այն կարող է դառնալ կառավարման բոլոր ոլորտներում իշխանության ձախողումներն արդարացնող ունիվերսալ բանաձև։

Այժմ տնտեսության մեջ արձանագրվում են բացասական արդյունքներ, վատ է վիճակը նաև մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հարցերում։ Սարգսյանն ու իր թիմակիցները հանգիստ կարող են մեզ ասել, թե բացասական արդյունքն էլ արդյունք է ու վերջ։ Հետո՞։ ՀՀ-ն փորձադա՞շտ է, թե՞ որբի գլուխ, որ սերժսարգսյանները դալլաքություն սովորեն ու երբ վիճակն է՛լ ավելի վատանա՝ հայտարարեն, որ բացասականն էլ է արդյունք։

Մի ժամանակ էլ «նախաձեռնողականները» հայտարարում էին, թե «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»։ Հիմա այս վերջին միտքը թարմացվել է ու «նորովի» է մատուցվում. իսկական մառազմ։ Փաստորեն «ֆուտբոլային» դիվանագիտությունը շարունակվում է, բայց նոր երանգավորումներով։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը