Մեկնաբանություն

10.01.2011 09:30


Իշխանությունները ֆուտբոլի գնդակի ու հավի ձվի արանքում

Իշխանությունները ֆուտբոլի գնդակի ու հավի ձվի արանքում

Երբ Սերժ Սարգսյանը սկսեց իր «նախաձեռնողական» քաղաքականությունը՝ շատերի համար ակնհայտ էր, որ հայ-թուրքական գործընթացը մեզ ոչինչ չի տալու, իսկ թուրքերին հնարավորություն է ընձեռելու փաստացի սառեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, ակտիվորեն ներգրավվել Ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ ու փոխարենը ոչինչ չտալ մեզ։ Այդպես էլ եղավ, ու դա չհասկանալն առնվազն դիլետանտիզմ էր։

Այժմ դատելով արդյունքներից՝ «ֆուտբոլային» դիվանագիտությունից ՀՀ իշխանություններին ու տվյալ դեպքում ցավոք նաև Հայաստանին, պատկերավոր ասած, բաժին հասավ միայն ֆուտբոլի գնդակը։

 Տեղին է հիշեցնել, որ Գյուլին Հայաստան հրավիրելիս ու հետագայում տխրահռչակ արձանագրությունները ստորագրելիս հայ ժողովրդին խոստացվել էր, թե «ֆուտբոլի» արդյունքում ողջամիտ ժամկետում (նշվում էր 2010-ի մարտ-ապրիլ ժամանակահատվածը) բացվելու է հայ-թուրքական սահմանը, և մեր հարավարևմտյան հարևանի հետ հաստատվելու են դիվանագիտական հարաբերություններ։ Այդ երկու խնդիրներն էլ չեն լուծվել, և հիմա ծիծաղելի ու դեմագոգիկ են սարգսյանական թիմի ու նրանց քարոզիչների այն հայտարարությունները, թե հայ-թուրքական գործընթացից Հայաստանը շահած է դուրս եկել, քանի որ աշխարհը տեսավ, որ Թուրքիան դեստրուկտիվ է, իսկ մենք՝ կոնստրուկտիվ։ Նախ դրանք անհեթեթ պնդումներ են, բայց եթե նույնիսկ ընդունենք, որ վերացական աշխարհի աչքին մենք հերթական անգամ «քցվողի» տեսքով հանդես եկանք, իսկ թուրքերը՝ «քցողի», ապա դա  առավելություն չի տալիս «քցվողին», այլ միայն ապացուցում է վերջինիս դիվանագիտական կարճատեսությունը։

Աշխարհ կոչվածը 1915-ին էլ էր տեսել երիտթուրքերի մարդակերությունը, իսկ հայերի՝ կոտորվելը։ Հետո ի՞նչ։ Ասենք աշխարհը կարեկցում էր հայերին, երբ մեզ սպանում էին, բայց դրանից մեր վերքը հո՞ չէր բուժվում։

Մի խոսքով՝ նույնիսկ Սերժ Սարգսյանն է հասկացել, որ խայտառակ պարտություն է կրել դիվանագիտական «ֆուտբոլում» ու հիմա փորձում է իրեն կից սազանդարների բերանով մաքրվել «նախաձեռնողականությունից», եփած հավի ծիծաղ առաջացնող «հաղթանակներ» գրանցել հայ–թուրքական ճակատում և անցնել «հայրենասիրական» դաշտ։

Այս ամենից հետո եթե փորձենք «նախաձեռնող» իշխանությունների խորհրդանիշը պատկերել, ապա այն կլինի ֆուտբոլի փսկած գնդակը, բայց դա ավելի սազական էր 2009–ին, իսկ 2010–ն արդեն նոր խորհրդանիշի ծնունդ ապահովեց։  Չպետք է մոռանալ, որ  ունենք շա՜տ նախաձեռնող իշխանություն, ով դրսում տապալվելուց բացի երկրի ներսում նույնպես ավերածություններ գործելու հակումներ է ցուցաբերում, և արդյունքները համանման են. տնտեսական անկում, գների աճ և սովետի ժամանակներից մոռացված ապրանքային դեֆիցիտ՝ խանութներից ձվի անհետացման կամ ոսկե ձվի գնով վաճառվելու տեսքով։

Հավի ձվի հետ կապված ամանորյա տխուր անակնկալը հաշվի առնելով՝ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի գլխավորած թիմի խորհրդանիշը կարող է լինել ոչ միայն ֆուտբոլի փսկած գնդակը, այլ նաև հավկիթը՝ հոտած։

Ձվի շուկայում տեղի ունեցածը ցույց տվեց, որ վարչապետի քարոզած «երկրորդ սերնդի» բարեշրջում կոչվածն ընդամենն ապահովեց «տիրացուի» շրջապատի ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումը, իսկ ժողովրդին բաժին հասավ գների թանկացումն ու Նոր տարվա նախաշեմին ծանոթ-բարեկամ գտնելով «տակից» ձու առնելը։

 Հիմա մնում է հասարակությունն ինքը ընտրի, թե ո՞ր խորհրդանիշն է ավելի սազական համարում սարգսյանական թիմին՝ ֆուտբոլի փսկած գնդա՞կը, թե՞ հավի ձուն։ Բայց բացի իշխանության խորհրդանիշն ընտրելուց՝  մենք պետք է նաև սրանց հեռացմա՛ն խորհրդանիշն ընտրենք, այլապես ստիպված կլինենք ամեն տարի  մի նոր խորհրդանիշով ամրագրել մեր պետության ու հասարակության հերթական պարտությունը. սկզբում «ֆուտբոլ» էր, հետո՝ թանկացումներ և ձվի դեֆիցիտ, իսկ վաղը մեր գլխին մեկ այլ պատուհաս կբերեն «Հայկական աշխարհի» ճարտարապետները։ Այնպես որ՝ ճագարի կամ փիսոյի տարում պետք է նախապատրաստվել այս իշխանություններին «ֆուտբոլ» անելու և հոտած ձվերի արժանացնելու, մանավանդ որ դրանք իշխանական խորհրդանիշներ են արդեն...

Կարեն Հակոբջանյան 

Այս խորագրի վերջին նյութերը