Քաղաքական

20.01.2015 12:51


Ստեփան Մարգարյան. «Իշխանությունների ձայնը չէր լսվում»

Ստեփան Մարգարյան. «Իշխանությունների ձայնը չէր լսվում»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը «7օր»–ի հետ զրույցում անդրադարձել է ԲՀԿ–ի այսօրվա խորհրդաժողովի հետաձգման պատճառներին՝ նշելով, որ Գյումրիի ողբերգական դեպքերից հետո երկրում ստեղծվել է բավականին նուրբ իրավիճակ, ինչը քաղաքական լուրջ քննարկումների, ինչպիսին այս մեկը պետք է լիներ, չի տրամադրում։

–Այսօրվա խորհրդաժողովը ենթադրում էր բավականին լուրջ իրադարձություն դառնալ, որովհետև քննարկվելու էին մոտ ապագայում և դրանից հետո մեր քայլերը՝ երկրում ստեղծված իրավիճակին համահունչ։ Մենք գնում էինք լուրջ կազմակերպական խնդիրներ լուծելու այս համաժողովով։ Սրան հաջորդելու էին այլ միջոցառումներ ևս։ Բայց, կարծում եմ, դա չէր խոսում այսօրվա ստեղված իրավիճակի հետ՝ կապված Գյումրիի դեպքերի հետ,–ասել է Ս. Մարգարյանը։

Ի դեպ, Գյումրիում տեղի ունեցած սպանդը ԲՀԿ–ական պատգամավորը միայն քրեական ոլորտի հարց չի համարում.

–Դրանք քաղաքական հետևանքներ ունեն, և դրանք նույնիսկ քաղաքական պատճառներ ունեն։ Երբ տարբեր բնագավառներում երկրում որոշակի փլուզումներ են լինում, դրանք սկսում են դրսևորվել նաև քրեական ոլորտում։ Ազդում են տարբեր կառույցների, տարբեր շերտերի վրա, և առաջանում են նման իրավիճակներ։ Կարծում եմ՝ Գյումրիի դեպքերի վերաբերյալ խոր ուսումնասիրության խնդիր ունեն ոչ միայն իրավապահ մարմինները, այլև պետությունը և հասարակությունը ևս։ Դա նույնիսկ երկրի առաջ ծառացած ինչ–որ մարտահրավերների հետևանք է։ Սա հենց այնպես չեղավ։

Գյումրիում արձանագրված բողոքի ալիքի հարցում ևս Ս. Մարգարյանը տեսնում է հայաստանյան գործող իշխանությունների մեղքը։

–Նախ՝ երկար ժամանակ իշխանությունների ձայնը չէր լսվում, իսկ այն պաշտոնյաները, ովքեր խոսում էին, նրանցից լսում էինք միայն Ռուսաստանի դիրքորոշումը, կարծես թե Ռուսաստանի համար արդարացման խնդիր կար։ Իսկ հասարակությունը շատ լավ հասկանում էր. հասարակությունը Ռուսաստանին չէր մեղադրում։ Բնականաբար, այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե Ռուսաստանն է կամ հայ–ռուսական հարաբերություններն են մեղավոր, այլ եղել էր դեպք, ծանր հանցագործություն, և պետք է հայաստանյան իշխանությունները հստակ վերաբերմունք ցույց տային։

Ս. Մարգարյանն ընդգծում է, որ հասարակության պահանջը միայն մեկն էր՝ ստանալ հարցի պատասխանը, թե որտեղ պետք է դատվի հանցագործը։

–Այս հարցի պատասխանը ոչ ոք չէր տալիս. ընդ որում, կարծես արդարացվում էր՝ դե լավ, թող Ռուսաստանը դատի,– նշել է ԲՀԿ–ական պատգամավորը,–մեջբերում էին Ռուսաստանի Սահմանադրությունը։ Բայց եթե հստակ տեսակետ ասվեր, և նշվեր, որ մենք ձգտում ենք սրան, մենք անում ենք սա, դա բոլորովին այլ երանգ կստանար։ Հասարակությունը սկսեց բորբոքվել, որովհետև չէր լսում որևէ հոդաբաշխ, նորմալ բացատրություն և պատասխան։ Միայն այսօր սկսեցին խոսել՝ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց իր ցավակցությունը։ Դրանից հետո՛ սկսեցին մերոնք խոսել։ Այդպես չպիտի լինի, որովհետև հասարակությունը սպասում է մե՛ր իշխանությունների, մե՛ր երկրի ղեկավարի խոսքին։ Նման իրավիճակներում ցանկացած երկրում ժողովուրդը սպասում է իր ղեկավարի խոսքին։ Մենք չէինք լսում դա, ցավոք սրտի։ Իրոք, չարժեր, որ այդպիսի իրավիճակ ստեղծվեր։ Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը դիտավորյալ բաներ էր անում. պարզապես մեր պաշտոնյան էր պարտավոր լինել ադեկվատ ավելի, քան է՛ր։ ՀՀ քաղաքացին ծանր իրավիճակում իրավունք ունի լսելու իր երկրի ղեկավարի խոսքը, որը չէր հնչում։

Ս.Մարգարյանը չի հավատում շրջանառության մեջ դրվող այն տեսակետին, թե Պուտինն էր Սերժ Սարգսյանին արգելում խոսել կամ համազգային սուգ հայտարարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը