Լրահոս

19.01.2015 15:16


«Ունենալով ամեն ինչ՝ ցանկանում են ավելին». հետազոտություն

«Ունենալով ամեն ինչ՝ ցանկանում են ավելին». հետազոտություն

Այսօր Օքսֆամը հրապարակել է իր «Ունենալով ամեն ինչ՝ ցանկանում են ավելին» հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ի մասնաբաժինը աշխարհի ընդհանուր հարստության մեջ, որը 2009թ-ի կազմում էր 44%, 2014թ-ին հասել է 48%-ի: Աճի նման տեմպերով այդ մասնաբաժինը 2016թ-ին կկազմի ավելի քան 50 տոկոս: 2014թ-ին համաշխարհային այս վերնախավի յուրաքանչյուր չափահաս անդամի միջին հարստությունը կազմել է 2.7 մլն դոլար:

Աշխարհի հարստության մնացած 52 տոկոսը, գրեթե ամբողջությամբ (46 տոկոսը), պատկանում է երկրագնդի բնակչության ամենահարուստ 5 տոկոսին: Մնացած 80 տոկոսին բաժին է ընկնում ընդամենը 5.5 տոկոս՝ յուրաքանչյուր չափահասի հաշվով միջինում կազմելով 3,851 դոլար, որը կազմում է 1 տոկոսի միջին հարստության 1/700ական մասը:

Օքսֆամի հաշվետվությունը վկայում է, որ անհավասարությունը հասել է զարհուրելի չափերի և շարունակում է աճել: Ժամանակն է փոխել համաշխարհային այս համակարգը՝ այն դարձնելով առավել ներառական, արդար և կայուն:

Այս հետազոտությունը, որը կատարվել է Օքսֆամի հոկտեմբեր ամսին մեկնարկած «Պայքար հավասարության համար» միջազգային քարոզարշավից հետո, ցույց է տալիս, թե ինչպես է չափազանց մեծ հարստությունը փոխանցվում սերնդե սերունդ և ինչպես է վերնախավը համախմբում իր հսկայական ռեսուրսները քաղաքական որոշումները իր շահերին ծառայեցնելու համար: Ֆորբսի ցանկում ընդգրկված 1645 միլիարդատերերի մեկ երրորդից ավելին մասամբ կամ ամբողջությամբ ժառանգել է իր հարստությունը:

Միլիարդատերերի քսան տոկոսը հետաքրքրություններ ունի ֆինանսական և ապահովագրության ոլորտներում: Սա այն խումբն է, որ 2013թ-ին Վաշինգտոնում և Բրյուսելում ծախսել են 550մլն դոլար՝ քաղաքականություն մշակողների լոբբինգի համար: Միայն 2012թ-ի ԱՄՆ-ի ընտրական քարոզարշավի համար ֆինանսական ոլորտը ծախսել է 571մլն դոլար:

Այն միլիարդատերերը, որոնք հետաքրքրություն ունեն դեղագործության և առողջապահության ոլորտներում, 2013թ-ին ծախսել են ավելի քան $500մլն դոլար Վաշինգտոնի և Բրյուսելի քաղաքականություն մշակողների լոբբինգի համար:

Օքսֆամը մտահոգված է, որ մեծահարուստների քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու (լոբբինգի) կարողությունը մեծ խոչընդոտ է հատկապես հարկային համակարգի բարեփոխումների համար, որը գործում է ի վնաս աշխարհի ամենաաղքատների, որոնք զրկված են առաջին անհրաժեշտության դեղորայքային միջոցներից և առողջապահական ծառայություններից:

Արժույթի Միջազգային Հիմնադրամը, ի թիվս այլոց, ավելի հաճախ է նշում այն փաստը, որ ծայրահեղ անհավասարությունը խոչընդոտում է տնտեսության զարգացումը:«Ծայրահեղ աղքատությունը ոչ միայն բարոյական անարդարություն է: Այն բացասական է անդրադառնում տնտեսական աճի վրա և սպառնում մասնավոր հատվածի արդյունավետ գործունեությանը:

Օքսֆամ կոչ է անում կառավարություններին ընդունել յոթ կետից բաղկացած ծրագիր՝ անհավասարության դեմ պայքար մղելու համար.

- Թույլ չտալ, որպեսզի խոշոր առևտրական կազմակերպություններն ու հարուստ անհատները խուսափեն հարկերից,

- Ներդրումներ կատարել համընդհանուր, անվճար հանրային ծառայություններում, ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը

- Արդարացիորեն կիսել հարկային բեռը՝ փոխադրելով այն աշխատուժից և սպառման ոլորտից դեպի կապիտալ և հարստություն,

- Սահմանել նվազագույն աշխատավարձ և բոլոր աշխատողների համար ապահովել նվազագույն սպառողական զամբյուղից ոչ պակաս աշխատավարձ,

- Ներդնել հավասար վարձատրություն սահմանող օրենսդրություն և նպաստել կանանց համար արդար պայմաններ ապահովող տնտեսական քաղաքականության վարմանը,

- Ամենաաղքատների համար ապահովել անվտանգության համապատասխան համակարգեր, ներառյալ նվազագույն եկամուտ ուենալու երաշխիքը,

- Համաձայնություն ձեռք բերել անհավասարության դեմ պայքարի ընդհանուր նպատակի շուրջ:

«Դուք ուզու՞մ եք ապրել մի աշխարհում, որտեղ մեկ տոկոսի հարստությունը գերազանցում է մեր բոլորիս հարստությունը միասին վերցրած: Անվասարությունը ողջ աշխարհում պարզապես զարհուրելի չափերի է հասնում ու թեև այս հարցը հաճախ է դրվում միջազգային օրակարգերում, անդունդն ամենահարուստների և բնակչության մնացած մասի միջև ավելի արագ տեմպերով է խորանում», - բարձրաձայնում է Օքսֆամի Միջազգային Գործադիր տնօրեն Ուինի Բիանիման, ով համանախագահելու է Դավոսի տնտեսական ֆորումում:

Ուինի Բիանիման կօգտվի Դավոսում իր զբաղեցրած պաշտոնից և կոչ կանի անհապաղ միջոցներ ձեռնարկել անհավասարության աճող ալիքը զսպելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը