Տնտեսական

19.01.2015 11:12


Մետրոպոլիտենից աշխատանքից ազատված աշխատողների հետաձգված արդարադատությունը

Մետրոպոլիտենից աշխատանքից ազատված աշխատողների հետաձգված արդարադատությունը

Հունվարի 19-ին՝ ժամը 16:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվելու է անօրինական ձևով աշխատանից ազատված Երևանի մետրոպոլիտենի 3 աշխատողների գործը, ովքեր աշխատանքից ազատվել են կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ լինելու պատճառով:

Գործով դատավոր Սիմիզար Հովսեփյանը անցյալ տարի` դեկտեմբեր ամսին, այդպես էլ վճիռ չկայացրեց: Փոխարենը՝ նա բոլորի համար անսպասելի ձևով 7 ամիս գործի մանրակրկիտ քննությունից հետո վերսկսեց այն` «անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը»:

«Չկան գործի քննությունը երկարացնելու համար հիմնավոր պատճառներ» - ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Քրիստինա Գևորգյանը, ով ներկայացնում է աշխատողների շահերը: «Բոլոր ապացույցները, որոնք ներկայացվել են գործի քննության ընթացքում, արդեն ուսումնասիրվել են և երկու կողմերի կողմից մանրակրկիտ բացատրություններ են տրվել յուրաքանչյուր ապացույցի վերաբերյալ, ընդ որում` ակնհայտ էր, որ իմ վստահորդները ազատվել են աշխատանքից ապօրինի կերպով»:

Ի սկզբանե, գործի քննության մայիս ամսից մետրոպոլիտենը այդպես էլ չկարողացավ դատարանին ներկայացնել աշխատանքից ազատման համար հանդիսացող բավարար ապացույց, իսկ ներկայացված աշխատողների ամենօրյա աշխատանքի գրանցամատյանները ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվել են դատարանի կողմից` փաստելով, որ մետրոպոլիտենի կողմից մատնանշվող ենթադրյալ որևէ խախտում երբևիցէ չի արձանագրվել: Աշխատողների նկատմամբ նաև առկա չէ որևէ գրավոր նախազգուշացում կամ նկատողություն` նրանց կողմից աշխատանքային պարտականություների թերացման կապակցությամբ:

Աշխատողներին աշխատանքից ազատելու համար այլ պատճառ չի կարող լինել, բացի նրանց կողմից կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ իրենց դժգոհությունը արտահայտելուց:

Անսպասելի ձևով գործի քննությունը վերսկսելը կասկած է հարուցում: Մտահոգություններ են առաջացել, որ ճնշում է գործադրվում այս աստիճան կարևոր գործում, իսկ արդարադատության իրականացումը ձգձգվում է:

«Մեզ աշխատանքից ազատումից անցնում է համարյա մեկ տարի, բայց մենք չենք կորցրել մեր նպատակը` պայքարել մինչև վերջ», - ասում է աշխատողներից մեկը` Գագիկ Գալստյանը:

«Մենք պետք է պահպանենք հասարակական ճնշումը և թույլ չտանք, որպեսզի այս գործը կոծկվի»:

Այս խորագրի վերջին նյութերը