Կարծիք

16.01.2015 16:52


«Շախմատի ֆեդերացիայի նախագահը, որ երբեմն կատարում է նաև ՀՀ նախագահի պարտականությունները...»

«Շախմատի ֆեդերացիայի նախագահը, որ երբեմն կատարում է նաև ՀՀ նախագահի պարտականությունները...»

Էրդողանը հերթական ապտակը հասցրեց հայ ժողովրդին: Քիչ չէ այն, որ ապրիլի 24-ին պատրաստվում են Թուրքիայում շքեղ տոնակատարություն անցկացնել, մի բան էլ Հայաստանի նախագահին են հրավիրում: Ավելի ճիշտ՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին:

Շախմատի ֆեդերացիայի նախագահը, որ երբեմն կատարում է նաև ՀՀ նախագահի պարտականությունները, իր անհեռատես արտաքին քաղաքականության պատճառով Հայաստանը հասցրել է այնպիսի վիճակի, որ Էրդողանը նման կերպ կարող է ծաղրել բոլոր հայերին, և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը վերածել խեղկատակության: Իսկ ինչի՞ չհրավիրի, որ: Ցյուրիխյան տխրահռչակ արձանագրությունների ստորագրումից ի վեր Էրդողանն անընդհատ հայտարարում էր, որ դրանք չեն վավերացվի, մինչև Ղարաբաղի հարցում «առաջընթաց» չլինի: Սերժ Սարգսյանն էլ փորձում էր մեզ համոզել, թե Էրդողանը կատակ է անում: Հետո էլ եղավ մեր նախաձեռնող ֆուտբոլասեր Սերժ Սարգսյանի բոցաշունչ ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից, երբ նա «գրողի ծոցն» ուղարկեց այդ արձանագրությունները, և արդեն քանի ամիս շարունակ արձանագրությունները գնում-գնում և տեղ չեն հասնում:

Հիմա էլ, թեև բանականությունը մեզ ասում է, որ, իհարկե, հնարավոր չէ, որ Սերժ Սարգսյանն ընդունի այդ հրավերը, միևնույն է, կասկած է մնում՝ բայց ինչո՞ւ ոչ: Մինչ այդ արձանագրությունների ստորագրումը ո՞վ կպատկերացներ, որ Հայաստանը կարող է ստորագրել մի փաստաթուղթ, որով կասկածի տակ կդրվի Ցեղասպանության փաստը: Ո՞վ կհավատար, որ Թուրքիայի նախագահի այցի պատճառով կանջատվեն Հայոց ցեղասպանության հուշարձանի լույսերը, որ ՀՀ նախագահը Հայաստան-Թուրքիա խաղում բացահայտ կերկրպագի Թուրքիայի հավաքականին: Վերջապես, ո՞վ կարող էր գուշակել, որ երեկվա դեպքերից հետո Սերժ Սարգսյանը կգնա շախմատի ակադեմիա՝ շախմատ նայելու: Այնպես որ, Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կմերժի Էրդողանի հրավերը: Երևի…

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը