Կարծիք

16.01.2015 16:43


Վահան Բաբայան. «Հասունացել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնանկության պահը»

Վահան Բաբայան. «Հասունացել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնանկության պահը»
Գյումրի քաղաքում տեղի ունեցած ոճիրը ցնցեց ոչ միայն մեզ, այլ նաև շատ-շատերի՝ մեր երկրի սահմաններից դուրս: Երեկվա դեպքերը լայնորեն լուսաբանվեցին միջազգային լրատվական միջոցներով, հաճախ մարդկանց արդարացի հուզմունքին սկսեցին ավելացնել ակնհայտ հակառուսական սադրանքը, որը երկուստեք ոչ ձեռնտու իրավիճակ ստեղծեց։
Սակայն, կցանկանամ մի քանի խոսքով անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազի պահվածքին և հայտարարություններին: Որպես քաղաքացի՝ ինձ համար անընդունելի էին դատախազի արտիստիկ ելույթներն այն մասին, թե ինքը խոստանում է նամակ գրել Ռուսաստանի դատախազին: Ի՞նչ է, իմ երկրի գլխավոր դատախազն այնքան քիչ լիազորություններ ու հնարավորություններ ունի՞, որ նրա անելիքը կամ, ժողովրդական լեզվով ասած, «ադալժենին» միայն նամակ գրելն է, իբրև թե լավ, եթե դա եք ուզում, դա էլ կանեմ, միայն թե ավելին մի պահանջեք։
Միաժամանակ, իրենից գոհ ելույթներ էր ունենում այն դեպքում, երբ ընդամենը պետք է արժանապատիվ կեցվածք ընդունել մեր դաշնակից պետության առջև, և պահանջել այն, ինչը պահանջում է ժողովուրդը, և ինչը չի հակասում հայ-ռուսական համաձայնագրին: Կամ ինչո՞ւ է ՀՀ գլխավոր դատախազը մեկնաբանում նախ ՌԴ սահմանադրության հոդվածները՝ 2 օր շարունակ փորձելով մանևրել ու հիմնավորումներ գտնել իրենց անկարողությանը, ինչը հանգեցրեց անցանկալի հետևանքների։
Ո՞վ է պատասխան տալու Գյումրիի զանգվածային հուզումների համար, երբ նույն դատախազի ելույթից հետո մարդիկ կրկին չվստահեցին իշխանության ներկայացուցչին և անցան կտրուկ քայլերի: Վերլուծելով վերջին օրերին տեղի ունեցածը՝ մեղավորներ պետք է փնտրել մեր իշխանության ներսում, որոնց անգործությունից արդեն տուժում են կոնկրետ մարդիկ, և հեղինակազրկվում է մեր պետությունը: Ուստի, նախ և առաջ հասունացել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնանկության պահը, չնայած քաղաքակիրթ երկրների օրինակով՝ դատախազն ինքը երեկ գիշեր պետք է արդեն հրաժարական ներկայացրած լիներ։
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը