Կարծիք

28.01.2011 10:44


Առանց պատահակա- նությունների

Առանց պատահակա- նությունների

Պատերազմական գործողությունների ավարտից հետո առաջին անգամ պաշտոնական վիճակագրությունն արձանագրեց, որ Հայաստանում միջին աշխատավարձը ոչ թե աճել, այլ նվազել է:

 Պատերազմական գործողությունների ավարտից հետո առաջին անգամ Հայաստանում աղքատ բնակչության աճ է գրանցվել: Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում բնակվող հարյուր մարդուց երեսունչորսն աղքատ է: Ընդ որում, այս մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը:

Մենք քաջատեղյակ ենք, թե Հայաստանի նման երկրներում ինչպես են աշխատում վիճակագիրները, այնպես որ հասկանում ենք, որ պատկերն անհամեմատ ավելի վատ է: Եթե հիշենք նաև, որ առաջին և ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների ու սննդամթերքի գները շարունակում են աճել, ապա ավելի պարզ կդառնա, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել ՀՀ քաղաքացին: Պարզ է դառնում նաև, թե ինչպես են Հայաստանը կառավարում Սերժ Սարգսյանը և նրա մերձավոր շրջապատը:

Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր կշտապեն հիշել համաշխարհային տնտեսական ճգնաժամը, բայց որևէ մեկն այս փաստարկը լուրջ չի ընդունի: Ավելին, Տիգրան Սարգսյանը և նրա սիրելի նախարարները տեղի-անտեղի հայտարարում էին, թե մենք համաշխարհային տնտեսական ճգնաժամը պատվով ենք հաղթահարել: Հիմա մենք արդեն տեսնում ենք, թե պատիվ բառն ինչպես են հասկանում կառավարության անդամները: Հիմա մենք արդեն տեսնում ենք, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած նախարարները իրավիճակը կարգավորելու համար ոչինչ չեն արել: Ավելին, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի և նրա կողքին գտնվողների ծրագրերի մեջ տնտեսության առողջացումը բոլորովին էլ չի մտնում:

Հայաստանում տեղի ունեցող տարօրինակ իրադարձություններին ուշադիր հետևելիս պարզ է դառնում, որ վարչախումբն ամեն ինչ անում է՝ «մեկ ազգ, մեկ օլիգարխ» ծրագիրն իրականություն դարձնելու համար: Եթե պատկերն այսքան սարսափելի չլիներ, ապա կարելի էր մի լավ ծիծաղել՝ լսելով այն հայտարարությունը, թե իբր Տիգրան Սարգսյանը տեղյակ չի եղել, որ Չինաստանից ու Թուրքիայից ներկրվող ապրանքների մաքսավճարները բարձրացել են: Մնում է ասեն, թե նա տեղյակ էլ չէ մարդկանց հուսահատության հասցնող գնաճից: Հավանաբար նա նաև տեղյակ չէ, որ Երևանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է սովամահ անել փողոցային առևտրով զբաղվողներին: Բայց իրականում որևէ էական նշանակություն չունի՝ Տիգրան Սարգսյանը տեղյա՞կ է այս ամենից, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ մեր կողքին գոյություն ունի մի ուժ, որն իր առջև որոշակի խնդիր է դրել և մեր պետական շահերը ոտնատակ տալով՝ առաջ է շարժվում իր նպատակին հասնելու համար:

Միայն ամենամիամիտները կարող են հավատալ, թե գներն աճում են անկախ վարչախմբի ցանկությունից, կամ մաքսավճարների բարձրանալուց Տիգրան Սարգսյանն անտեղյակ է, իսկ առևտարակնների դեմ էլ պայքարում են բացառապես քաղաքի արտաքին տեսքից ելնելով: Երբ Կարեն Կարապետյանն ասում է, թե ցանկանում է բարելավել քաղաքի արտաքին տեսքը, նրան անմիջապես պետք է խորհուրդ տալ բարելավել քաղաքի ներքին տեսքը, որից հետո քաղաքի արտաքին տեսքն առանց ուժային միջոցների կարգի կգա: Բացի այդ, դժվար է հավատալ, թե փողոցային առևտրով զբաղվողները մանուկ հասակից երազել են դուրս գալ փողոց, շոգին և ցրտին առևտուր անել, օրվա հացը տանջանքով վաստակել և քաղաքի արտաքին տեսքը գցել:

Քաջածանոթ լինելով վարչախմբի էությանը՝ մենք կարող ենք կռահել, որ Սերժ Սարգսյանի թիմակիցներից մեկը պատրաստվում է այնպիսի բիզնեսով զբաղվել, որին կարող են խանգարել փողոցային առևտրով զբաղվողները և Թուրքիայից ու Չինաստանից հագուստ ներկրողները: Ակնհայտ է նաև, որ նրանք միաժամանակ ցանկանում են թուլացնել Կարեն Կարապետյանի դիրքերը: Դժվար չէ կռահել, որ օրվա հացից զրկված առևտրականները երկար վերլուծություններ անելու ո՛չ հավես, ո՛չ էլ ժամանակ ունեն, և նրանք ատելությամբ են լցվելու հենց Կարապետյանի հանդեպ: Նույն տրամաբանությամբ գնաճից բողոքող ժողովուրդն էլ ատելությամբ է լցվելու մենաշնորհներից օգտվող մեծահարուստների նկատմամբ՝ համոզաված լինելով, թե հենց նրանք են բարձրացնում գները:

Բնականաբար, այս խայտառակ իրավիճակը ձեռնտու է ինչ-որ մեկին կամ ուժերին, որոնք էլ կանգնած են սրա հետևում: Նրանք, ում ընդունված է անվանել օլիգարխ, այժմ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց արդեն վստահ են, որ իրենց դեմ ինչ-որ արշավ է սկսվել: Ընդ որում, ամեն ինչ արվում է, որ այդ արշավը ներկայացվի որպես պայքար արդարության հաղթանակի համար: Չի բացառվում, որ ինչ-որ կարճ ժամանակահատված ժողովրդի մի մասին կարող է թվալ, որ Սերժ Սարգսյանն իրոք պայքար է սկսել արդարության համար, մանավանդ որ հեռուստաէկրաններից չի իջնում քաղաքապետարանի առաջին կարգի մասնագետը, որը տասը հազար դոլար կաշառք է վերցրել: Բայց կանցնի շատ կարճ ժամանակահատված, և գրեթե բոլորը կհասկանան, որ տեղի է ունենում սեփականության պարզունակ վերաբաշխում, որի նպատակն է մեկ օլիգարխի տնտեսության հիմնումը: Բայց ամեն ինչ այդքան պարզ և հեշտ չէ, ինչպես կարծում են նրանք, ովքեր արդեն աչքերը փակում և իրենց տեսնում են միակ օլիգարխի կարգավիճակում, իսկ ժողովրդին էլ՝ ծնկի եկած:

Անկախ մեր ցանկությունից և իմացությունից՝ տեղի են ունենում գործընթացներ, որոնք հնարավոր չէ կանգնեցնել կամ ուղղորդել: Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ տնտեսության նկատմամբ ծաղրուծանակն այլևս մեծագույն աղետի կհանգեցնի: Բացի այդ, թե՛ խոշոր, թե՛ միջին և մանր տնտեսվարողներն արդեն հասկանում են, որ նահանջելու տեղ այլևս չունեն: Իհարկե, ոմանք պատկերացնում են, թե ժողովրդի, այդ թվում և տնտեսվարողների կողմից որևէ դիմադրություն չի լինի, և ամեն ինչ հարթ ու սահուն կընթանա, սակայն նույնիսկ առևտրականների ցաքուցրիվ ելույթները ցույց են տալիս, որ ամեն ինչ այնքան պարզ ու հարթ չէ, որքան թվում է առաջին հայացքից:

Ինչ մնում է ժողովրդին, ապա նա ընդամենը պետք է կազմակերպված շարքերով դուրս գա փողոց ու վարչախմբին հստակ ասի, որ այսպես ապրել այլևս չեն ցանկանում, և որ ամենակարևորն է' այսպես ապրել այլևս չեն կարող: Անշուշտ, կգտնվեն նաև նրանք, ովքեր կկապեն ճամպրուկներն ու Հայաստանից կհեռանան, բայց շատերը կմնան և կփորձեն վերջնական կործանումից փրկել մեր երկիրը: Բարեբախտաբար, մենք դեռ չենք կորցրել այն ներուժը, որը հնարավորություն կատա շտկել իրավիճակը:  

Գեղամ Նազարյան

 

Այս խորագրի վերջին նյութերը