Քաղաքական

16.01.2015 11:53


Էրդողանն ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանին հրավիրում է Թուրքիա

Էրդողանն ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանին հրավիրում է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Դարդանելի պատերազմական գործողությունների 100– ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել Սերժ Սարգիսյանին: Ըստ «Ermenihaber.am» լրատվականի` այս մասին տեղեկություն է հաղորդվում Թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Սերփիլ Չևիքջանի «Էրդողանի 2-րդ անակնկալը» վերտառությամբ հոդվածում:
Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրների նախագահներին կամ վարչապետներին, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ:
Հոդվածի հեղինակը ուշագրավ է համարել նաև այն հանգամանքը, որ մասնակցության հրավեր է ուղարկվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով ավանդաբար ամենամյա ապրիլքսանչորսյան ելույթներ է ունենում` ցավակցելու համայն հայությանը:
Սերժ Սարգսյանին ուղարկված հրավերի կապակցությամբ, ըստ Չևիքջանի, թուրքական կառավարության ներկայացուցիչը հետևյալ պարզաբանումն է տվել.
«Դարդանելում մարտնչած և նահատակված զինվորների շարքերում եղել են էթնիկական տարբեր ծագման բազմաթիվ երիտասարդներ: Նրանց մեջ եղել են նաև հայեր: Այլ եկրպ ասած` միասին ենք պայքարել, դրա համար էլ Սարգսյանին էլ է հրավեր ուղարկվել»:
Ընդգծվում է, որ ամեն տարվա ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերությունների գերլարման շրջանն է: Ահա թե ինչու է Անկարայի համար կարևոր հրավերի համար տվյալ օրվա ընտրությունը:
«Եթե Օբաման և Սարգսյանը ընդունեն այդ հրավերը, ապա դա կլինի պատմության մեջ մեծ հետք թողնող անակնկալ»,- գրում է «Միլլեթ»-ը:
Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներում (արդեն ավելի քան 1 տասնյակ) լայնորեն տարածվում է «Միլլեթ»-ի հրապարակած վերոնշյալ տեղեկությունը: Թուրքական լրատվամիջոցներն Էրդողանի այդ քայլը բնութագրում են իբրև պատմական նշանակության քայլ:

Այս խորագրի վերջին նյութերը