Կարծիք

16.01.2015 11:34


Գյումրու դեպքերի, թշնամիների և ում ով լինելու մասին

Գյումրու դեպքերի, թշնամիների և ում ով լինելու մասին

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցածը բոլորիս ցավն է ու անդառնալի կորուստը։ Պերմյակով կոչվածը պետք է կրի իր պատիժը ՀՀ օրենքի ողջ խստությամբ, և դա այլընտրանք ունենալ չի կարող։

Գյումրիում վեց մարդ են սպանում, 6 ամսական փոքրիկն էլ ծանր վիճակով տեղափոխվում է հիվանդանոց, իսկ իշխանության ամենաբարձր մակարդակով այդ առիթն օգտագործում են Պուտինին քծնելու համար՝ աթոռին մնալու նպատակով։

Երկրի «հայրենասեր–արևմտամետները» գնում են Ռուսաստանի դեսպանատան մոտ, ռուսական դրոշն այրելու փորձ անում ու անիմաստ գրությամբ պաստառներով պահանջում Պուտինի հրաժարականը։

Թունդ «հայրենասեր–արևմտամետները» շատ վտանգավոր խաղ են սկսել՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Այդ «հանուն աթոռի» բեմադրությունը կարող է շատ վատ ավարտվել։ Մեզ լրացուցիչ թշնամիներ պետք չեն, և Հայաստանն ու հայ ժողովուրդը, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, այլ արտաքին թշնամիներ չունի։ Հարևան երկու պետությունները մեզ լիովին բավարար են։ Հայաստանը երկու արտաքին թշնամի ունի և մեկ ներքին. այլ թշնամիներ մեր երկիրը չունի։

«Հայրենասեր–արևմտամետները» մի փոր հացի համար, իսկ Սերժ Սարգսյանը՝ իշխանությանը մնալու մոլուցքից, վտանգի տակ են դնում մեր ազգային անվտանգությունը։ Նրանք չեն խորանում, կամ ձեռք չի տալիս խորանալ հայ–ռուսական հարաբերությունների մեջ, նրանք չեն խորանում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության բովանդակության մեջ և այլն։
Սերժ Սարգսյանն էլ իր հերթին ցանկանում է «մայդանի» իմիտացիա անել Կրեմլին հաճոյանալու ու աթոռին մնալու նպատակով՝ մոռանալով, որ Ռուսաստանում վաղուց իրեն լուրջ չեն ընկալում։

«Արևմտամետ» Սերժ Սարգսյանը բոլորին իր դեմ է տրամադրել և ցանկանում է, որ Հայաստանը՝ որպես պետություն, վերածվի «միջազգային հալածյալի», որն ամենավատ ու վտանգավոր տարբերակն է թույլ պետությունների պարագայում աշխարհում ընթացող գործընթացների համապատկերին։

Ինչ վերաբերում է երեկ Գյումրիում տեղի ունեցածին, ապա 14 վիրավորված մեր հայրենակիցների միակ մեղավորը Բաղրամյան 26-ում նստած, իսկ վերջին օրերին էլ՝ ընդհատակ անցած մարդն է։ Ինչպես միշտ, Արցախյան պատերազմի տարիներից սկսած՝ ամենադժվարին պահերին նա «մեյդանում» չկա։

Երեկվա դեպքերն ապացուցում են, որ ժողովուրդն է կատարում այն գործառույթը, որը պետք է կատարեին երկրի իշխանությունը և ՀՀ դատախազությունը՝ լուծել գործի իրավազորության հարցը։
Իսկ Սերժ Սարգսյանի սիրելի հարցերը՝ «Ե՞ս եմ մեղավոր, որ...», «Ես ի՞նչ կարող եմ անել...» և այլն, երեկ հօդս ցնդեցին, քանզի մենք տեսանք, որ երկրում ամեն բան հնարավոր է հարթել ու լուծել, եթե ցանկություն ու քաղաքական կամք գոյություն ունի։ Դրա վառ ապացույցն էր երեկ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի պատրաստակամությունը՝ այդ դժվարին պայմաններում հանդարտության կոչով հանդես գալ և քաղաքական որոշման հասնող քայլի դիմել՝ հասնելով Պերմյակովին անձամբ տեսնելուն ու գյումրեցիների սպասումները բավարարելուն։

Հիմա հարց՝ ո՞ւր է, և ո՞վ է մեր երկրի ի պաշտոնե ղեկավարը. ասում են՝ նրան վերջին անգամ տեսել են հունվարի 12-ին «սելեկտորային խորհրդակցության» ժամանակ, ժողովուրդն էլ խոսում է, որ գուցե այսօր, երբ արդեն Գյումրին քիչ թե շատ հանդարտվել է, հայտնվի։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը