Կարծիք

16.01.2015 10:11


Ես ամաչում եմ, որ իմ երկիրը նման իշխանություն ունի

Ես ամաչում եմ, որ իմ երկիրը նման իշխանություն ունի

Գյումրիում լարվածությունը հասել է գագաթնակետի. ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունենում, և արդեն կան վիրավորներ: Այս ամենի պատճառը ՀՀ իշխանությունների անհեռատես պահվածքն է: Սկզբում նրանք թույլ տվեցին, որ Գյումրիում դաժան անմարդկային ոճրագործություն գործած զինվորը հայտնվի ռուսական ռազմաբազայում, ինչը տեղի ունեցավ շատ կասկածելի պայմաններում: Հետո էլ մեր դատախազությունը հանդես եկավ Ռուսաստանի փաստաբանի կարգավիճակով՝ ցիտելով ՌԴ սահմանադրությունը և բացատրելով, թե ինչու Ռուսաստանը չի կարող Պերմյակովին հանձնել Հայաստանի արդարադատությանը:

Կրկին երկրի առաջին դեմքերը լուռ մնացին՝ թույլ տալով կրքերին ծայրաստիճան բորբոքվել: Օրվա վերջում էլ, երբ իշխանության պահվածքից վրդովված՝ մեր քաղաքացիները անցան ծայրահեղ գործողությունների, նրանց հանգստացնելու եկավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Բա իշխանության ներկայացուցիչներն ո՞ւր են: Կրկին վախեցան սեփական ժողովրդից և ցուցարարների դեմ հանեցին ոստիկանությանը: Մինչ ԲՀԿ-ական պատգամավորը փորձում էր ցուցարարներին հանգստացնել, որ այլևս զոհեր չլինեն, ՀՀԿ-ական վերնախավը, հավանաբար, հավաքվել էր հերթական էլիտար խնջույքին: Ես ամաչում եմ, որ իմ երկիրը նման իշխանություն ունի:

Հրանտ Ենոքյան

Այս խորագրի վերջին նյութերը