Կարծիք

15.01.2015 17:37


Արմեն Հարությունյան. Իշխանություններն ուզում են ողբերգությունը հարմարեցնել իրենց «մուտիլովկաներին»

Արմեն Հարությունյան.  Իշխանություններն ուզում են ողբերգությունը հարմարեցնել իրենց «մուտիլովկաներին»

Այսօր Գյումրիում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց կատարված ոճրագործության հետ կապված մի շարք հարցերի, բայց դարձյալ դրանից բխող հարցեր ավելի շատ առաջացան, քան սպառիչ պատասխաններ տրվեցին:

Պարզ ասվեց, որ եթե մեր իրավապահները բռնեին, ապա այդ հանցագործը կգտնվեր մեր իրավազորության ներքո: Շեշտեց, որ մեր իրավապահներն այդ ընթացքում սերտ համագոծակցել են ռուսական կողմի հետ, ու անհրաժեշտ ինֆորացիա փոխանակել: Այսինքն, մերոնք ամեն ինչ արեցին, որպեսզի ռուսնե՞րը բռնեն այդ ստահակին ու պահեն ռուսական ռազմաբազայում: Ինչո՞ւ դիտավորյալ այդպես վարվեցին, կամ, եթե անփութության պատճառով, ապա ինչպե՞ս եղավ, որ մեր իրավապահներն ավելի ոչ օպերատիվ գործեցին, քան ռազմաբազայի աշխատակիցները, որոնք պարտավոր չեն անձի որոնման օպերատիվ-հետախուզական աշխատանքներում մասնագիտացված լինել, կամ էլ այդ կարգի մասնագետները չեն կարող ավելի շատ լինել, քան մեր իրավապահ համակարգում են: Բայց, ինչպես տեսնում ենք, համապատասխան գնահատականի չարժանացավ մեր իշխանությունների կողմից. ընդհակառակը՝ գովում են մեր ոստիկանների կատարած դրական աշխատանքն այս հարցում: Մինչդեռ, սա հերթական, բայց շատ ծանր ապտակ էր Ավետարանով առաջնորդվող ու «օրենքով գողերին» նորմալ ընդունող-ճամփու դնող մեր վերևի իշխանավորներին: Մենակ չասեք, թե ոչ թե ռազմաբազայի աշխատակիցներն են այդ ստահակին բռնել, այլ ռուս սահմանապահները, ու հանձնել ռազմաբազային։

Այս ի՞նչ աբսուրդ է. ռուս սահմանապահները մեր պետական սահմանն են պահո՞ւմ, թե՞ այս կամ այն հիմնարկի սահմանախախտ աշխատակիցներին ըստ աշխատանքի վայրի տեղաբաշխում։ Իսկ գուցե մե՞ր իրավապահներն են սահմանախախտին բռնել ու ըստ աշխատանքի վայրի կարևորության՝ տեղաբաշխել։

Այս հանցագործության դեպքում տեսանք, որ ամեն ինչ արվեց, որպեսզի չբացահայտվի, թե ինչ է կատարվում 102-րդ ռազմաբազայի պատերից այն կողմ, որ դրանից դուրս նման ոճրագործություն է տեղի ունենում: Ու դա չենք էլ իմանա, քանի որ Պերմյակովը նրանց մոտ է պահվում, ու կասի այն, ինչ իրեն թույլ կտան, կամ՝ ինչ իրեն կթելադրեն: Ուստի, հասկանալի է, չէ՞, որ հարցը ոչ թե մեր հասարակությունն է քաղաքականացնում ու հակառուսական տրամադրություններ տարածում, այլ դա տեղի է ունենում մեր իշխանությունների թողտվությամբ՝ տակնահան քայլերի ու նաև՝ հանցավոր անգործության արդյունքում: Հո Կրեմլի՞ց չեն լիազորել Գյումրիի ռազմաբազայի սպաներին իրենց այստեղ լկտի պահել, բայց եթե չեն կանխվում բազմաթիվ՝ թեկուզ փոքր բացասական երևույթները, ապա ամենաթողությունն արդեն մեծ հանցագործություններ է ծնում: Իսկ որ դժգոհությունները բազմաթիվ են, Գյումրիում մի քանի րոպե քայլելով էլ կարող եք իմանալ:

Էլ չեմ խոսում այն մասին, որ երբ իշխանություններն, իբր, ՌԴ-ի ճնշման տակ են զիջում մեր քաղաքացիների շահերը, դրանով հենց ատելություն են սերմանում հանդեպ այդ երկրի, երբ տեսնում ենք, որ Ռուսաստանն անգամ իր ստահակին է պաշտպանության տակ առնում, իսկ մերոնց չեն թողնում իրենց անմեղ զոհերի ու նրանց հարազատների շահերը պաշտպանել: Եվ սրան զուգահեռ՝ Բաղրամյան 26-ի «սուտի» արևմտամետներն էլ առիթն օգտագործել են ու մի կատաղի հարձակում սկսել Ռուսաստանի դեմ, որով փորձում են ամեն կերպ ռուսների դեմ տրամադրել մեր ժողովրդին: Հո չե՞նք մոռացել, որ սա այս տարիներին նախագահականի կողմից վարվող ստոր քաղաքանության շարունակությունն է, որ Սերժ Սարգսյանը ՌԴ-ի թիվ մեկ հպատակն է Հայաստանում, ու հարկավոր է նրան լավ պահել, այլապես, եթե նա չլինի, այստեղ «Մայդան» կլինի, տեսեք, թե ինչ հակառուսական տրամադրություններ կան մեզանում: Հետո էլ վրդովվում ենք, թե Սարգսյանն ու նրա մերձավոր շրջապատն այս լարված օրերին քեֆ-ուրախությունների մեջ են: Ինչո՞ւ չլինեն, երբ ցանկացած ողբերգություն իրենց համար լրացուցիչ առիթ է սեփական երերուն դիրքերը ռուսների աչքում ամրապնդելու համար:

Իսկ ժողովուրդը չի պահանջում, որ մեր դատարանը դատի, ինչ է թե մերոնց ավելի է վստահում, քան ռուսներին: Կարծես չենք տեսել, թե մերոնք ինչպես են դատում, ում են դատում, իսկ ում՝ արդարացնում: Ուղղակի ուզում ենք հասկանալ՝ մենք սուվերեն պետությո՞ւն ենք, թե՞ արդեն գուբերնիայից էլ ցածր մակարդակի տարածք։ Մենք գոնե նման դեպքերի պարագայում իշխանություն ունե՞նք, որ պաշտպանի մեր քաղաքացիների շահերը, թե՞ այլ երկրի կամակատարներ են սրանք:

Ու դեպքերի և հետագա զարգացումների շարքը դիտարկելուց հետո եզրակացությունը մեկն է՝ այս իշխանությունների պարագայում մեզ ավելի մեծ արհավիրք է սպասվում, որին արդեն կարող է ոչ մեր թուլացած պետությունը դիմանալ, ոչ էլ հասարակությունը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1528926720712443&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը