Լրահոս

15.01.2015 16:18


Հարյուրավոր գետափցիներ փակել են Երևան–Մեղրի ճանապարհը՝ պահանջելով արդարադատություն

Հարյուրավոր գետափցիներ փակել են Երևան–Մեղրի ճանապարհը՝ պահանջելով արդարադատություն

«7օր»–ի խմբագրությանն այսօր հայտնել են, որ հարյուրավոր գետափցիներ փակել են Երևան–Մեղրի ճանապարհը։ Քաղաքացիների նման քայլը պայմանավորված է անարդարությամբ, որին բախվել է Գետափ գյուղի բնակիչ Արամ Սարդարյանը.

–Եղեգնաձորում կռիվ է եղել, հետո անցել է վեց ամիս, ինչ–որ կնոջ ցուցմունքի համաձայն՝ ձերբակալել են Գետափ գյուղի բնակիչ Արամ Սարդարյանին՝ որպես կռվի մասնակից, բայց ինքը ընդհանրապես այնտեղ չի եղել։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Սարդարյանը կռվի հետ ընդհանրապես կապ չունի։

«Դրանից հետո այդ վկա կնոջը զանգել են՝ իմանալու՝ ինչու է նման ցուցմունք տվել։ Դատախազությունը ճնշել է վկային, որից հետո ձերբակալել է Արամ Սարդարյանին՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելով նրա հանդեպ։ Դրանից հետո նշանակվել է հինգ դատական նիստ, որոնցից ընդամենը երկուսն է կայացել։ Առաջին նիստի ժամանակ վկան եկել, դատարանում խոստովանել է, որ իրեն ստիպել են հատուկ քննչականի քննիչը ու Եղեգնաձորի ոստիկանության վարչության աշխատակիցը, որ այդ տղային ցույց տա։ Դրանից հետո մի դատական նիստ էլ է նշանակվել, որից հետո դատախազը նորից չի ներկայացել, և հետաձգվել է։ Դեկտեմբերի 29-ին դատական նիստ է եղել, դատապաշտպանը դատարանին միջնորդություն է ներկայացրել, որ վկան ցուցմունքը փոխել է՝ իրեն ստիպել են, դատավորը մերժել է՝ միջնորդությունը համարելով անհիմն։ Հիմա ճանապարհը փակել են՝ պահանջելով այդ մարդու նկատմամբ խափանման միջոցը կալանքից փոխել»։

Պահանջելով արդարություն՝ քաղաքացիները փակել են Երևան–Մեղրի ճանապարհը Գետափ գյուղի հատվածից։

–Հիմա մարզպետն է եկել, Եղեգնաձորի վարչության ոստիկանապետն է եկել։ Մենք չենք հավատում իրենց արդարադատությանը. անիմաստ հետաձգում են դատական նիստը։ Երբ ինքը նստած է եղել, կինը երեխա է ունեցել. մեծ սթրեսի պատճառով ծանր հղիություն է տարել, երեխային վիրահատությամբ է ունեցել, – ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը