Քաղաքական

15.01.2015 15:52


ԵԽ նախագահ Մարտին Շուլցը պատասխան նամակ է ուղարկել Նաիրա Զոհրաբյանին

ԵԽ նախագահ Մարտին Շուլցը պատասխան նամակ է ուղարկել Նաիրա Զոհրաբյանին

2014 թվականի օգոստոսի 7-ին տեղանքում մոլորված եւ ադրբեջանական սահմանը հատած Տավուշի մարզի Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի հանդեպ Ադրբեջանում անմարդկային ու դաժան վերաբերմունքի եւ սպանության վերաբերյալ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակ էր ուղարկել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ պահանջելով, որ միջազգային կառույցները խստորեն դատապարտեն Ադրբեջանին եւ Կարեն Պետրոսյանի դիակի անկախ փորձաքննություն անցկացնեն։ Եվրոպական խորհդարանի նախագահ Մարտին Շուլցը պատասխան նամակ է ուղարկել Նաիրա Զոհրաբյանին, ուր ասված է՝

Հարգելի տիկին Զոհրաբյան,

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր նամակի համար, որտեղ Դուք նկարագրում եք հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանի գերեվարման և մահվան հետ կապված հանգամանքները: Նախ և առաջ, Եվրոպական խորհրդարանի անունից մեր խորին ցավակցությունն եմ հայտնում Կարեն Պետրոսյանի հարազատներին՝ հավելելով, որ ինձ անձամբ սարսափեցրել է այն փաստը, որ նրա մահից ավելի քան երեք շաբաթ անց դին դեռևս չեն թույլատրել հայրենադարձել: Անշուշտ, անչափ մտահոգիչ էր Ձեր նամակին կցված տեսանյութը: Այն լիովին թափանցիկ հետաքննություն, ինչպես նաև անկախ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն է առաջացնում Կարեն Պետրոսյանի մահվան ճշգրիտ պատճառները պարզելու համար:

Մենք բոլորս տեղյակ ենք առկա լարվածություններին, որոնք կան տարածաշրջանում: Անկախ նրանից, թե բանակցությունները ինչ առաջընթաց կարձանագրեն՝ հակամարտության կողմերը միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու հստակ պարտավորություն ունեն և պետք է միջազգային նորմերին համահունչ վերաբերվեն գերիներին ու ձերբակալվածներին: Նման պարտավորությունները խախտելը անընդունելի է:

Հարգանքով՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ

Մարտին Շուլց

Այս խորագրի վերջին նյութերը