Կարծիք

14.01.2015 10:45


Արմեն Հարությունյան. Բազմաթիվ հարցականներ և ոչ մի ադեկվատ պատասխան Գյումրիում տեղի ունեցած սպանության թեմայով

Արմեն Հարությունյան. Բազմաթիվ հարցականներ և ոչ մի ադեկվատ պատասխան Գյումրիում տեղի ունեցած սպանության թեմայով

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը հազիվ թե որևէ բանական մարդու անտարբեր թողնի, երբ անկողնում քնած մարդկանց, անգամ՝ մանկահասակ երեխայի, գնդակահարել է այդ ստահակը:

Բայց առանձնահատուկ բորբոքված քննարկում է գնում հատկապես, թե ինչ դաժանությամբ է կատարվել այդ հանցագործությունը, ինչ ազգության է պատկանում ոճրագործը, և կդատե՞ն արդյոք մեր երկրում, ու պատիժն այստե՞ղ կկրի, թե՞ ոչ:

Սառնասրտորեն քննարկել կատարվածը, որպեսզի առանց այն էլ բորբոքված կրքերն ավելի չբորբոքվեն, թեպետ շատ դժվար է, բայց փորձեմ:

Նախ՝ տարիներ առաջ Լոռու մարզի Վահագնի գյուղում սպանել էին հղի կնոջն ու օրորոցում գտնվող մեկ տարեկան երեխային, մեկ այլ դեպքում էլ Աշտարակում ողջ ընտանիքին էին գնդակահարել, ու կատարողները հայեր էին: Սա ասում եմ, որ շատ չոգևորվենք, ու ընդհանրություններ անենք, թե որ ազգերն են ընդունակ նման ոճրագործությունների. սա ազգային բնութագրի հետ ոչ մի կապ չունի: Այլապես մեզ էլ բաներ կհիշեցնեն, ու այս դեպքի առիթով պահանջատերից կվերածվենք պաշտպանվողի:

Երկրորդ՝ պարզվում է, որ ՌԴ սահմանադրությունն արգելում է իր քաղաքացուն հանձնել մեկ այլ երկրի, ու նաև՝ միջպետական պայմանագրին հղում կատարվում, թե մեր երկրում հանցագործություն կատարած ՌԴ քաղաքացիներին չեն հանձնում մեր իրավապահներին: Այդ դեպքում նոր հարցեր են ծագում: Ինչո՞ւ մեր իրավապահներին չհաջողվեց ռուսներից շուտ բռնել: Գուցե հենց նրա համար, որ ռուսները դա անեն, ու մեզ չհանձնե՞ն: Կամ գուցե մեր իրավապահները մասնագիտացել են «օրենքով գողերի» հայաստանյան «սխոդկա» «պատշաճ» մակարդակով կազմակերպելու հարցերով ու ազատ ժամանակ էլ ընդդիմադիր գործիչների՞ն հետևելով, ու ժամանակ չունե՞ն ոճրագործներ բռնելու:

Ինչպե՞ս հասկանալ, որ դեռ ոչինչ պարզ չէ, դեռ փորձաքննության արդյունքները չկան, բայց ՀՀ փոխոստիկանապետը հայտարարում է, որ այդ ոճրագործը նորմալ չէ, ու ակնհայտորեն ակնարկում է նրա անմեղսունակ լինելը: Ինչո՞ւ է դա արվում: Որպեսզի մեր իշխանությունների քաղաքական ու դիվանագիտական անմեղսունակությունը քողարկե՞ր: Ի՞նչ է՝ 6 հոգու գնդակահարած, փախուստի դիմած ու սահմանի վրա բռնված սրիկան ի՞նչ կերպ պետք է խոսեր, որ արտաքինից ոչ ադեկվատի տպավորություն չթողներ: Այս ի՞նչ ոչ պրոֆեսիոնալ խոսակցություն է պրոֆեսիոնալ բարձրաստիճան ոստիկանի կողմից: Սառնասրտորեն գնդակահարել է քնած մարդկանց, շորերը փոխել, զենքը թողել, աննկատ հասել սահման ու այն անցնելու փորձ անելիս բռնվել, սա ոչ ադեկվատ անձնավորությա՞ն քայլեր են, որ մեր փոխոստիկանապետն աչքաչափով դիագնոզ դրեց:

Իսկ կարո՞ղ է՝ մի օր էլ պարզվի, որ Իրանի սահմանադրությունն էլ է արգելում արտահանձնել իր քաղաքացիներին ու «ֆիրդուսնոց» կոչվող շուկայում կարող են հանգիստ պահել իրենց հանցագործներին ու չհանձնել մեր իրավապահներին, կամ էլ կհասնեն իրենց դեսպանատուն ու այնտեղ կթաքնվեն, հետո էլ ընկնենք արդարացնենք, թե ամեղսունակ են:

Այս դեպքը մեզ շատ լուրջ մտորումների տեղիք տվեց, ու ցավակցելով ողբերգության զոհերի հարազատներին՝ միևնույն ժամանակ ուզում եմ ցավակցել նաև մեզ, որ նման իշխանություններ ունենք, ու ոչ մի երաշխիք չկա, որ նման դեպքեր տեղի չեն ունենա այլևս, եթե պատիժ կրելու կամ խոսափելու արդյունքը պակաս ողբերգական չի լինելու մեզ համար, քան բուն արարքը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1528442544094194&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը