Լրահոս

13.01.2015 15:22


Գյումրիում վիրավորված վեց ամսական երեխայի վիճակը կայուն ծանր է

Գյումրիում վիրավորված վեց ամսական երեխայի վիճակը կայուն ծանր է

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոցում վիրահատված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանի ուղեկցությամբ տեղափոխվել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարք:

«Երեկ երեկոյան Երևանից Գյումրի է մեկնել առաջատար մասնագետների խումբ, որը գիշերն այնտեղ է անցկացրել: Առավոտյան երեխային հաջողվել է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ուր ավելի հագեցված հնարավորություններ կան: Այս պահին հիմնական գործողությունները և աշխատանքներն ուղղված են նրա առողջական վիճակի կայունացմանը և հակաշոկային վիճակի հաղթահարմանը»,-լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հավելելով, որ Սերյոժա Ավետիսյանն ապահովված է անհրաժեշտ բոլոր դեղերով և բժշական պարագաներով:

Երեխան վիրահատական միջամտության կարիք չունի, սակայն տուժել են նրա մի շարք հյուսվածքները: Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ մասնագետները ջանք չեն խնայում փոքրիկի առողջական վիճակը կայունացնելու, հակաշոկային բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարելու համար:

Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո նա գտնվել է Գյումրիի Ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Երեխային Երևան տեղափոխելուց հետո իրականացվում են տարբեր հետազոտություններ, որոշ ժամանակ հետո կկատարվի նաև համակարգչային շերտագրում:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների, «Սուրբ Աստվածամայր», ինչպես նաև Երևանի առաջատար այլ բժշկական կենտրոնների մասնագետների մասնակցությամբ՝ այսօր կկազմակերպվի բժշկական երկրորդ կոնսիլիումը:

Այս խորագրի վերջին նյութերը