Կարծիք

12.01.2015 23:05


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Իշխանափոխությունը կչեզոքացնի Ղարաբաղի «տակ» դրած ռումբը

Երեկ տեղեկացանք, որ թշնամին արդեն դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել Տավուշի կողմից:

Իսկ այսօր, վերջին շրջանի լարվածությանն ի պատասխան, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պաշտպանության նախարարի հրավիրած խորհրդակցության ժամանակ հնչել է տեսակետ, թե հարկավոր է տեղերում հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն տալ ու հնարավորություն՝ ինքնուրույն մշակելու այդ գործողությունների պլանները: Մինչդեռ, երբ ամեն մի կրակած փամփուշտ, ամեն մի սահմանային ընդհարում կարող է դետոնատորի դեր խաղալ ու հանգեցնել պատերազմի վերսկսման, այնքան էլ խելամիտ չէ ասել, թե տեղերին ազատություն է տրված նախահարձակ լինելու հարցում: Որպեսզի հետագայում, եթե ինչ–որ բան այնպես չգնա, հնարավորություն չունենան ասելու, թե իշխանություններն ու բանակի ղեկավարությունը մեղավոր չեն, տեղերում են սխալ որոշում կայացրել:

Մեկ բան հստակ է՝ ազատ գործելու արտոնություն կտաք, կթույլատրեք, թե ոչ, պատասխանատվությունը կրում է ամենավերին օղակը, ու պետք չէ հետագայում առիթն օգտագործել ու տեղերի վրա գցել ձախողումները:

Մեծ հաշվով, մեզ համար միևնույն է, թե ով է մշակել ու իրականացրել ռազմական օպերացիան. դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը բարձրագույն զինվորական ու քաղաքական ղեկավարությանն է: Այնպես որ, մեզ համար կարող եք նաև չմանրամասնել, թե ում ծրագրով եք առաջնորդվում. դա այն հարցը չէ, որ հրապարակային քննարկման ու «ադաբրյամսի» թեմա դառնա, հետո էլ ասեք, թե՝ դե, ժողովուրդ ջան, դուք համաձայն չէի՞ք, որ տեղերում, մեր հրամանատարները որոշում կայացնեին. ախր, ձեզ ժամանակին տեղեկացրել ենք, չէ՞:

Այս տեխնիկայի ու ինֆորմատիկայի դարում «օնլայն» կոնսիլիում են հրավիրում ու անգամ սրտի բարդ վիրահատություն անում, ի՞նչ մի հարց է, թե որ պահին որ հրամանատարը վերևների հետ ինչ կերպ կհամաձայնեցնի իր գործողությունները:

Իշխանությունների արտաքին քաղաքական ձախողումների պատճառով հասել ենք լայնամասշտաբ պատերազմի վերսկսման շեմին, ու հիմա մեզ ասում են, թե հրամանատարներին ազատ են թողնում՝ գործելու։ Շատ կասկածելի որոշում։ Ինչևէ։

Թե ինչ գործնական կիրառություն կստանա այս մոտեցումը, կպարզվի շատ շուտով։ Հուսանք, որ բանակն այդ ընթացքում «բարդակի» ու անկազմակերպ կառույցի չի վերածվի, ու մենք ծանր գին չենք վճարի։

Ինչ մնում է լարվածության աճին, ապա դատելով Ադրբեջանի վարքագծից ու, մասնավորապես, այս տարվա սկզբից կիրառվող դիվերսիոն քաղաքականությունից՝ սահմանային լարվածությունը գնալով ավելանալու է, քանի դեռ մենք չենք համախմբվել ու ամբողջական իշխանափոխություն չենք իրականացրել։ Հակառակ դեպքում տանուլ կտանք Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ։

Ու թեպետ իշխանափոխության հարցում շտապել պետք չէ, ու ամեն ինչ հարկավոր է անել հանգամանորեն մշակված ծրագրով ու կշռադատված քայլերի միջոցով, բայց անհարկի դանդաղկոտությունն էլ խիստ վտանգավոր է: Քանի որ չգիտենք, թե Ղարաբաղի «տակ» դրած դանդաղ գործողության ռումբը որքան ժամանակ հետո է պայթելու: Իսկ սա մեզ ստիպում է լինել առավել զգոն:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1527666747505107&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը