Տնտեսական

12.01.2015 16:42


«Գիտեն թե, որ փողոց ենք մաքրում, փողոցային ենք» (տեսանյութ)

«Գիտեն թե, որ փողոց ենք մաքրում, փողոցային ենք» (տեսանյութ)

Երևանի մաքրությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության տասնյակ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Բաղրամյան 26-ի դիմաց: Աշխատակիցները «Zham.am»-ի հետ զրույցում ասացին, որ իրենց «Սանիտեք»-ը խաբել է. աշխատավարձերը կիսատ է վճարել և իրենց հետ աշխատանքային պայմանագիր չի կնքել:

Բողոքի ակցիայի մասնակից Լիանան «Zham.am»-ի հետ զրույցում ասաց, որ «Կենտրոն մաքրություն» ընկերության լուծարումից հետո իրենց «Սանիտեք»-ը բարձր աշխատավարձ ու ոսկե սարեր է խոստացել, սակայն իրենց աշխատանքը համակարգող ոմն Մադլենը իրենց ստիպել է, որպեսզի հավաքարարության հետ մեկտեղ նաև բանվորի աշխատանք կատարեն. «Դեկտեմբեր ամսվա սկզբին մեզ բարձր աշխատավարձ խոստացան՝ մինչև 230 000 դրամ, սակայն մեզ դեկտեմբերի 30-ի գիշերը տվեցին 50000, 80000 աշխատավարձ ու ասացին, որ մենք էլ իրենց աշխատողները չենք: Հա՛մ բանվորություն ենք արել՝ աղբն ենք հավաքել, հա՛մ էլ հավաքարարություն: Մենք Սերժ Սարգսյանից, քաղաքապետից պահանջում ենք, որպեսզի ստիպեն «Սանիտեք»-ին վճարել մեր աշխատավարձրը և մեզ գործազուրկ չդարձնեն: 150 հոգի գործազուրկ է դարձել:
Ամսի 5-ին հավաքվեցինք այստեղ և քաղաքապետարանի աշխատակիցները եկան, մեզ խոստացան, որ հարցը մեկ շաբաթում կլուծվի: Շաբաթն անցավ, հարցն էլ չի լուծվել, մեզ խաբեցին»:

Խալիլյան Ռուզաննան էլ իր խնդիրներն ունի, միայնակ մայր է, որդին ուսանող է, ուսման վարձը վճարելու համար այլ միջոցներ չունի. «Հիմա տղաս սովորում է, վարձով եմ ապրում, վատառողջ եմ, խնդիրներ ունեմ, այլ ապրելու ելք չունեմ: Մի արաբի բերեցին ու նա կարողացավ բոլորիս խաբել»:

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից՝ Վարդուհին էլ ասաց, որ իրենց նոր տիրուհին ոչ մի լեզու չի հասկանում, սակայն իրենց օգտագործում է որպես ստրուկ. «Մենք աշխատել ենք ժամը 23:00-ից մինչև առավոտվա 6-7-ը: Արաբ տիկինը բոլորիս ստրկության է մատնում, և 7 հոգու համար նախատեսված տարածքը ստիպում է, որ մաքրենք 2 հոգով, դրան գումարած նաև բանվորությունը: Մեզ փակ ծրարներով գումարներ է բաժանել դեկտեմբերի 30-ի գիշերը, մենք ստիպված ենք վերցրել գումարը, որովհետև երեխաներս տանը նստած այդ գումարին էին սպասում: Եթե ամսվա սկիզբ լիներ, ես հաստատ չէի վերցնի այդ գումարը՝ իմ կես աշխատավարձը: Գիտեն թե, որ փողոց ենք մաքրում փողոցային ենք, ո՛չ, կարիքից ելնելով ենք ենք մաքրում»:
Բողոքի ակցիայի մասնակիցներին նախագահական նստավայրում ընդունել էր Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ
Կառլեն Ղազարյանը: Նախագահականում բանակցություններից հետո Ասյա Սաֆարյանը «Zham.am»-ի հետ զրույցում ասաց, որ նրանց պահանջը մերժվել է. «Մեզ ասացին, որ «Սանիտեք»-ը կուզի կընդունի աշխատանքի, չի ուզի՝ չի ընդունի: Մադլենին էլ զանգեցին կանչեցին, նա չեկավ՝ պատճառաբանելով, թե զբաղված է, սակայն Ղազարյանն ասաց, որ այսօր 20 հոգով գնանք Մադլենի հետ հանդիպելու»:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները նախկին «Կենտրոն մաքրություն» ընկերության նախկին աշխատակիցներն են, նրանց հետ «Սանիտեք»-ը պայմանագիր չի կնքել և առանց պպայմանագրի աշխատել են մեկ ամիս:

Մանրամասները՝ «Zham.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը