Քաղաքական

09.01.2015 19:40


Էդվարդ Անտինյան. Ադրբեջանը կշարունակի հրահրել լարվածություն սահմանին

Էդվարդ Անտինյան. Ադրբեջանը կշարունակի հրահրել լարվածություն սահմանին

Շփման գծում վերջին օրերին տիրող լարված իրավիճակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: «Hasarakutyun.am»-ի հետ զրույցում քաղաքագետը նշել է, որ լարվածությունը պետք է բացատրել իշխանությունների վարած սխալ քաղաքականությամբ.

- Նախ, հայտարարվեց, որ Ղարաբաղը մեզ հետ միասին չի մտնում ԵԱՏՄ, իսկ այն մտավախություններին, թե այդ դեպքում շուտով սահման կդրվի ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև, իշխանությունները լղոզված ձևով փորձում են հերքել, թե այդ մասին քննարկում չի եղել: Իսկ այն, որ քննարկում չի եղել՝ չի փարատում մեր կասկածները, քանի որ, երբ լինի լարվածություն՝ կլինի նաև քննարկում, իսկ մենք արդեն անդամակցել ենք ԵԱՏՄ-ին ու հետդարձի ճանապարհ էլ մեր իշխանավորները չեն թողել: Այսինքն մենք պետք է շահագրգռված լինեինք ԵԱՏՄ-ին անդամակցությունից առաջ հարցը բարձրացնել ու ոչ թե բանավոր, այլ փաստաթղթային տեսքով ստանալ երաշխիքներ՝ Ղարաբաղի անվտանգության ու Հայաստանի հետ ներկայիս շփման մակարդակը պահպանելու հարցերում: Մինչդեռ դա մեր իշխանավորները չարեցին՝ դիվանագիտությունը փոխարինելով գավառական «շուստրիությամբ», թե «հետո կարդարանանք, թե քննարկում չի եղել այդ հարցով»: Իսկ Ադրբեջանը փորձում է օգտվել մեր դիվանագիտական փնթիությունից ու լարվածություն ստեղծում սահմանին:

Անտինյանը վստահ է, որ Ադրբեջանը կշարունակի հրահրել լարվածություն սահմանին.

-Ադրբեջանը կշարունակի սա անել, որպեսզի ստեղծի նոր իրավիճակ ու Ղարաբաղի հարցը լուծի՝ հաշվի առնելով, որ մեր իշխանությունները հոժարակամ են հրաժարվել Ղարաբաղից, ու միջազգային հանրության վերաբերմունքը մեր օգտին չէ այս պահին: Սա է պատճառը, որ վախկոտի համբավ ունեցող Ադրբեջանը ջորու համառությամբ հարձակվում է մեր սահմանների վրա:

Հարցադրմանը, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ նույնիսկ գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը լռում է ու զերծ մնում կոշտ հայտարարություններից սահմանին տեղի ունեցող հրահրումների վերաբերյալ, Անտինյանը պատասխանել է.

-Եթե կոշտ հայտարարություններ անի, առավելևս՝ մեղադրի ԵԱՏՄ գործրնկերներին, որ մեր երկրի անդամակցությունից հետո մեր թշնամին ավելի ագրեսիվ է դարձել, բայց կոշտ արձագանքի չի արժանանում մեր գործընկերների կողմից, ապա ի հայտ կգան որոշ գաղտնիքներ, որ գործող նախագահն արդեն հրաժարվել է Ղարաբաղից, ու իրեն էլ է ձեռնտու, որ պատերազմի վերսկսման վտանգ լինի, որպեսզի նախ՝ ներքաղաքական լարվածությունը սառեցնելու պատրվակ ունենա, և երկրորդ՝ Ղարաբաղը հանձնելու մեղքը կարողանա գցել ընդդիմության վրա: Ուստի պետք չէ սպասել, թե այս իրավիճակում ինչպես կարձագանքի Սերժ Սարգսյանը, այլ՝ հարկավոր է մտածել, թե ինչ արագությամբ կկարողանանք ազատվել այս իշխանություններից, որպեսզի դրանով իսկ չեզոքացնենք Հայաստանի ու Ղարաբաղի գլխին կախված վտանգը:

Այս խորագրի վերջին նյութերը