Լրահոս

08.01.2015 11:46


Մահացել է Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրով Երևան եկած լրագրողը

Մահացել է Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրով Երևան եկած լրագրողը

Civilnet.am-ի փոխանցմամբ՝ հունվարի 7-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է լրագրող Գայե Ջոշարը՝ չհաղթահարելով 2014թ. դեկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքները։

Գայե Ջոշարը 2014թ. նոյեմբերից «Սիվիլիթաս» հիմնադրամում ներգրավված էր որպես լրագրող և հետազոտող Թուրքիայից՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող փորձի փոխանակման նախագծով։

Գայե Ջոշարի մահվան կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Հրանտ Դինք» հիմնադրամը, որում ասված է. «Մենք կորցրեցինք Գայե Ջոշարին, ով լրագրող էր, թարգմանիչ, մեր լավ ըկներն ու Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի հրավիրված մասնագետներից մեկը: Գայեն իր մահկանացուն կնքեց Հայատանում` Երևանում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակներում նոյեմբեր ամսից Գայե Ջոշարը բնակվում էր Երևանում և որպես լրագրող՝ ներգրավված էր «Սիվիլիթաս» հիմնադրամում: 2014թ. դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո տասներկու օր շարունակ Գայեն գտնվում էր հիվնադանոցում և հեռացավ մեզանից հունվարի 7-ի վաղ առավոտյան:

Մենք ուզում ենք մեր երախտիքը հայտնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակազմին ու բժիշկներին` Գայեի կյանքի համար տարված պայքարում մասնագիտական աջակցություն ու բացառիկ ջանքեր ցուցաբերելու համար:

Մենք լի ենք վշտով: Գեղեցիկ ժպիտով մեր ընկերը երբեք չի մոռացվի…

Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գայեի ընտանիքին և նրա սիրելիներին:

Գալիք օրերի ընթացքում, ընտանիքի որոշումից հետո, մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հոգեհանգստի արարողության վերաբերյալ»:

Այս խորագրի վերջին նյութերը