Կարծիք

06.01.2015 14:16


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Գեղամյանությունը պոզով ու պոչով է լինո՞ւմ

Երեկ տեղեկացանք, որ նշանակվել են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Հայաստանի երեք անդամները: Երկուսի պարագայում, հաշվի առնելով հայաստանյան բարքերն ու ներիշխանական հարաբերությունների բնույթը, ամեն ինչ պարզ է. Կարինե Մինասյանը դեռ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնում եղել է Հայաստանի՝ ՄՄ-ին ու ԵՏՄ-ին անդամակցության բանակցությունների ակունքում, այժմ էլ Սերժ Սարգսյանի խորհրդականն է:

Ռոբերտ Հարությունյանի հարցում էլ է պարզ. նա մասնագիտությամբ Խոսրով Հարությունյանի տղան է, ու, ինչպես գիտեք, իրենք ընտանեկան կապալի շրջանակներում են ծառայում «վերջին բոլշևիկին»:

Իսկ ահա դաշնակցական Արա Նռանյանի նշանակումը նոր թեմա է բացում՝ հինը դեռ չփակված: Միամտություն է կարծել, թե այս հարցում Սարգսյանն առաջնորդվել է Նռանյանի պրոֆեսիոնալ որակներով: Մենք հո ծանո՞թ ենք Ազատիչի կադրային քաղաքականությանը: Նա առաջնորդվում է բացառապես անձնական նվիրվածության սկզբունքով, ու դրանից բացի՝ պետք է սույն անհատը, նրա կլանը, թիմը կամ կուսակցությունը հրապարակայնորեն հավատարմության երդում տան «վերջին բոլշևիկին» ու դրա արդյունքում այնքան փչանան, որ այլևս հետդարձի ճանապարհ չունենան: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը վարում է «լիսկա» մոդելի կադրային քաղաքականություն, ու եթե չես տեղավորվում այդ շրջանակներում, չես կարող նշանակվել որևէ պատասխանատու պաշտոնի, եթե անգամ աշխարհի ամենապրոֆեսիոնալ կադրն ես:

Ախր, ամիսներ շարունակ գործին տեղյակները, տարբեր փաստեր բերելով, ապացուցում էին, որ դաշնակներն անցել են Սերժ Սարգսյանի թևի տակ, իսկ մեր դաշնակցական գարծընկերները, փոխանակ գլուխները կախ գցեին ու գեղամյանաբար ուտեին հասարակության թուքումուրը՝ իշխանական կերակրատաշտից որոշ բաներ ուտելու դիմաց, մի բան էլ հարձակվում են համաժողովրդական շարժման վրա, մեղադրում, թե իրենք որ իշխանության գան, լավ կարգեր չեն հաստատի երկրում: Բա եղա՞վ:

Հարգելինե՛րս, ընդդիմության ընդդիմություն կարող է լինել Նիկոլ Փաշինյանի նման մեկը, որ հա՛մ Սերժ Սարգսյանին քննադատի, հա՛մ համաժողովրդական շարժմանը, ու հատկապես՝ ԲՀԿ-ին, դրանով իսկ ծառայություն մատուցի Ազատիչին: Բայց այդպես չի կարող վարվել կուսակցությունը, այն էլ՝ հարյուրամյա. նրա պայքարը պետք է լինի «հանուն», այլ ոչ թե «ընդդեմ»: Հասկանում եմ, դժվար է ասել՝ հանուն ժողովրդավարության՝ կանգնել են երկիրը բռնապետության վերածելու ցանկություն ունեցողի կողքին: Կամ՝ հանուն Հայաստանի առաջընթացի՝ կանգնել են երկիրն անդունդ գլորողի կողքին, որպեսզի միասնաբար գլորեն: Սա այնքան հին անեկդոտ է հիշեցնում, որ կարող է անգամ երիտասարդ սերունդը լսած էլ չլինի. «Թող աշխարհին խաղաղություն լինի, «ջհանդամ», թե պատերազմ չի լինի»:

Այո՛, մենք գիտենք Սերժ Սարգսյանի մոտեցումը, որ նա կարող է անձամբ մասնակցել իրեն նվիրված անգամ միջին տրամաչափի գործիչների ու նրանց հարազատների ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին ու թաղումներին, բայց չմասնակցել իրեն քննադատող աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի թաղմանը: Ազատիչը կարող է մեկին համարել լուրջ դիվանագետ, երբ այդ անձը ծանրաձողից բացի՝ այլ բանից տեղյակ չէ։ Ասելս այն է, որ ՀՀԿ ղեկավարի կադրային քաղաաքականությունը բացարձակապես կապ չունի այս կամ այն անձի պրոֆեսիանոլ որակների հետ։ Կա՛մ պետք է թայֆայի անդամ լինես, կա՛մ Գեղամյանի պես մեկը։ Թե որ տարբերակն է գործել դաշնակների պահով, արդեն էական չէ։

Փաստն այն է, որ ՀՅԴ վերնախավն անցել է Սարգսյանի թրի տակով, բայց մի տեսակ ամաչում է այդ մասին խոստովանել։ Բայց դե, դա ավելորդ թիթիզություն է։ Ինչպես ասում են՝ մերկ մարմինը թզենու տերևով չես ծածկի։

Եվ վերջում մի բարեկամական խորհուրդ տամ ՀՅԴ վերնախավին՝ գոնե կուսակցական խաղերով հանդես եկեք ու այդպես սուսուփուս՝ «Ազգային միաբանության» նման, միաբանվեք Ազատիչի շուրջ, այլ ոչ թե ձեզ Գեղամյանի հետ համեմատողների վրա անհատ ձեռներեց զարուհիփոստանջյանավարի լաչառ ձևով հարձակվեք: Հաշտվե՛ք վերջապես ձեր նոր կարգավիճակի հետ, ու մարդիկ ձեզ շատ շուտով հանգիստ կթողնեն: Թե չէ, հայտարարել, որ ոչ թե Սարգսյանից պաշտոն ենք վերցնում, այլ ծառայում ենք հայրենիքին, մի քիչ «ռաբիս» ձևակերպում է, և ամենակարևորը՝ քմծիծաղ առաջացնող։ Բոլորն էլ ամեն ինչ տեսնում են։ Այնպես որ, ուտելիս պետք չէ խոսել։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1525120471093068&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը