Քաղաքական

05.01.2015 22:49


ՀՅԴ անդամը` ԵՏՄ հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ

ՀՅԴ անդամը` ԵՏՄ հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ

Եվրասիական տնտեսական միության խորհրդի որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և Եվրասիական տնտեսական միության դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել:

Հանձնաժողովի անդամներ են նշանակվել Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը և Արա Նռանյանը: Այդ կառույցում նրանք ունենալու են նախարարի կարգավիճակ, և երեքը միասին ունենալու են մեկ ձայնի իրավունք: Այս նշանակումների առնչությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում երեք նոր քարտուղարություն է ստեղծվել:

Նշենք, որ Կարինե Մինասյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ դրանից հետո Սերժ Սարգսյանի խորհրդականն էր։ Արա Նռանյանը ՀՅԴ անդամ է, ԱԺ նախկին պատգամավոր: Ռոբերտ Հարությունյանն էլ Զարգացման հայկական գործակալության տնօրենն էր: Նշենք, որ Ռ. Հարությունյանը Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է, որը մինչ այս նշանակումը զբաղեցնում էր Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնը:

ԵՏՄ դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել Արմեն Թումանյանը և Էռնա Հայիրյանը:

Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել ԵՏՄ խորհրդի կազմում Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը հաստատելու հարցում:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է դարձել հունվարի 2-ից: Նշենք նաև, որ ԵՏՄ խորհուրդը գործելու է Մոսկվայում, դատարանը՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Նախատեսվում է, որ կստեղծվի նաև ԵՏՄ ֆինանսական կառույց, որը կգործի Ղազախստանում, ամենայն հավանականությամբ՝ Ալմաթիում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ԵՏՄ-ի՝ դեռ նոր ստեղծվելիք որոշ կառույցներ կգործեն նաև Հայաստանում և անդամ այլ երկրներում։

Աղբյուրը` zham.am

Այս խորագրի վերջին նյութերը