Լրահոս

30.12.2014 12:36


Իջևանի ոստիկանապետի դեմ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Իջևանի ոստիկանապետի դեմ քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետի եւ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանը եւ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանը մտերիմ փոխհարաբերությունների մեջ են եղել Իջեւան քաղաքի բնակիչ, «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի հետ:
Ա. Ազիբեկյանը եւ Ա. Ավետիսյանը 2014թ. ապրիլի 2-ին, տեղեկանալով նախորդ օրը «Իջեւանատուն» համալիրի բակում տեղի ունեցած հրաձգության մասին, ժամանել են նշված համալիր: Քննչական բաժնի պետի տեղակալը եւ ոստիկանության բաժնի պետը, համալիրի սեփականատեր Ա. Խոջումյանից տեղեկանալով, որ նա Աշոտ Այդինյանի ուղղությամբ մարտական փամփուշտներով լիցքավորված որսորդական «Սայգա» տեսակի ինքնաձիգով շուրջ 30 կրակոցներ է արձակել, նրան օգնելու նպատակով հանցագործության մասին ստացված հաղորդումն ընդունելու, գրանցելու եւ բացահայտման ուղղությամբ օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն, նախ որոշել են թաքցնել դեպքը, ապա դրա հասարակական լայն արձագանքից անհանգստացած` մինչեւ դեպքի օրենքով սահմանված կարգով հաշվառումը, ձեռնամուխ են եղել մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականության խեղաթյուրմանը:
Ա. Ազիբեկյանը եւ Ա. Ավետիսյանը հրահանգավորել են Անդրանիկ Խոջումյանին դեպքի վայրից վերացնել հանցագործության իրական հետքերը եւ ստեղծել կեղծ ապացույցներ: Ոստիկանության տարածքային բաժնում հանցագործության դեպքն օրենքով սահմանված կարգով գրանցվել եւ ընթացք է տրվել միայն կեղծ ապացույցների ստեղծումից հետո:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Խոջումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի ոստիկանության բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանին եւ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արտակ Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մինչդատական վարույթում Անդրանիկ Խոջումյանի եւ Անդրանիկ Ազիբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը