Լրահոս

30.12.2014 12:20


Արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն հանրապետության ողջ տարածքում

Արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն հանրապետության ողջ տարածքում

Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան նախատոնական ու տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն հանրապետության ողջ տարածքում:

Դեկտեմբերի 30-ի առավոտյան ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց մայրաքաղաքում պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատեսը, որին մասնակցում էին նաև ոստիկանության բարձրաստիճան սպաներ:

Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության և այլ ստորաբաժանումների պարեկախմբերին՝ Վլադիմիր Գասպարյանը տվեց կոնկրետ հրահանգներ:

Արտակարգ ռեժիմի ծառայությամբ նախատեսված է պարեկախմբերի շուրջօրյա հերթափոխումով հասարակական կարգի խստագույն վերահսկում, քաղաքացիների և հանրապետության հյուրերի անվտանգության ապահովում հանրային միջոցառումների և զվարճանքի վայրերում, մշակութային հաստատությունների տարածքում, Ամանորի հանդիսությունների համար նախատեսված համայնքային հատվածներում:

Արտակարգ միջոցառումներ են իրականացվելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ: Հատկապես ոգելից խմիչք օգտագործած վարորդների նկատմամբ ճանապարհային ոստիկանության վերաբերմունքը կլինի առանձնակի խիստ, իսկ նրանց ուղևորների հանդեպ՝ մարդասիրական. քաղաքացիներին տեղ կհասցնեն ոստիկանները, մեքենան կտարվի հատուկ պահպանման տարածք, իսկ օրինախախտը կենթարկվի պատասխանատվության:

Ոստիկանությունը համոզված է, որ տոնական օրերին քաղաքացիները կդրսևորեն բարձր իրավագիտակցություն, կպահպանեն համակեցության կանոնները և որևէ օրինախախտմամբ չեն փչացնի իրենց և ուրիշների տոնը:

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ արտակարգ ռեժիմի ծառայության ընթացքում կարվի առավելագույնը անցանկալի միջադեպերը բացառելու համար և ակնկալում քաղաքացիների աջակցությունը:

Շնորհավորում ենք բոլորին Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ և մաղթում տոնական տրամադրություն:

ՀՀ Ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը