Լրահոս

27.12.2014 14:10


Տաս օգտակար քաղցրավենիք

Տաս օգտակար քաղցրավենիք

Ամանորյա տոները ոչ միայն հանգստյան երկարատև օրեր են, այլև շոկոլադով ու տարատեսակ քաղցրավենիքով կամքի ուժին ու կազմվածքին հասցվող լուրջ հարված։

Կալորիական քիմիան, սակայն, կարելի է փոխարինել որքան հնարավոր է՝ բնական մթերքով։ «AdMe»–ն առաջարկում է տաս օգտակար քաղցրավենիք, որոնք կհագեցնեն քաղցրի պահանջը՝ առանց վնասելու առողջությանը (իհարկե, եթե ուտեք դրանք խելամիտ չափաքանակով)։

Սև շոկոլադ

Ստիպված եք մոռանալ կաթնային շոկոլադի համը՝ փոխարինելով այն դառնահամով։ Վերջինն անհամեմատ քիչ է պարունակում շաքար ու կալորիա. փոխարենը՝ շատ են մյուս օգտակար տարրերը՝ հակաօքսիդանտներ, կալցիում, սպիտակուցներ, երկաթ, մագնիում, ֆլավոնոիդներ, վիտամիններ։

Զեֆիր

Նվազ կալորիական է, սակայն մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, ֆոսֆոր ու սպիտակուցներ, որոնք ամրացնում են մկանային հյուսվածքները։

Մարմելադ

Առաջին հերթին օգտակար է պեկտին բնական նյութի շնորհիվ, որը դոնդողի տեսքն է ապահովում։ Պեկտինն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, հանում տոքսինները և կանոնակարգում աղեստամոքսային համակարգի աշխատանքը։ Բացի այդ, մարմելադը նույնպես քիչ կալորիաներ է պարունակում։

Պաստեղ

Խելամիտ չափաքանակով պաստեղը կազմվածքին հաստատ չի վնասի։ Մարմելադի նման այն նվազեցնում է ճառագայթման բացասական ազդեցությունը և օրգանիզմից դուրս հանում ծանր մետաղների աղերը։

Մեղր

Շաքարին հավասար կալորիա է պարունակում, բայց շատ ավելի քաղցր է, ահա թե ինչու ավելի փոքր չափաքանակով է օգտագործվում։ Օրինակ՝ թեյի մեջ երկու գդալ շաքարը լիարժեքորեն փոխարինվում է մեկ գդալ մեղրով։ Բացի այդ, մեղրն օրգանիզմին անհրաժեշտ վիպամիններ է պարունակում, ամինաթթուներ և հանքանյութեր։ 100 գրամ մեղրում մագնիումի օրական չափաբաժին կա, ինչպես նաև երկաթի։ Հարկ է նշել, սակայն, որ խոսքը բնական մեղրին է վերաբերում, ոչ թե արհեստական փոխարինիչներին։

Հալվա

Այս քաղցրավենիքը հայտնի է հատկապես իր երիտասարդացնող հատկությամբ։ Հալվայի պարունակած А, Е և В խմբի վիտամինները բարերար ազդեցություն են ունենում մաշկի վրա, ամրացնում նաև սրտանոթային համակարգը։ Հնուց ի վեր այն օգտագործվում է նաև կոսմետիկ նպատակներով։ Օրինակ՝ հալվայի դիմակն արդյունավետ ազդեցություն է ունենում չոր մաշկի վրա։

Չրեր

Բնական այս մթերքը մեծաքանակ վիտամիններ ու հակաօքսիդանտներ է պարունակում՝ բետա–կարոտին, տոկոֆերոլ, ասկորբաթթու։ Չրերը լավացնում են հիշողությունը, օգնում կենտրոնանալ, թոթափում են հոգնածությունը և ներվերը հսկողության տակ պահում։

Մուրաբա

Վիտամինների ու հանքանյութերի ամբար։ Սակայն օգտակար հատկությունները պահպանելու համար այն չպետք է եփվի տատիկի բաղադրատոմսով։ Մուրաբան պետք է մի քանի րոպեում պատրաստվի կամ սառը ջեմի վերածվի։ Հատկապես ամենաօգտակարներից են ազնվամորու, սերկևիլի, հոնի և ընկույզի մուրաբաները։

Եղեգնաշաքար

Դեռ 20 տարի առաջ արևմտյան դիետաբանները հայտարարեցին, որ դարչնագույն եղեգնաշաքարը շատ ավելի օգտակար է դասական զտած սպիտակ շաքարից։ Նվազագույն մշակման ենթարկվելով՝ եղեգնաշաքարը կարևոր է օրգանիզմին հատկապես կալցիումի, մագնիումի, երկաթի, ֆոսֆորի, կալիումի պարունակությամբ։

Մրգեր և հատապտուղներ

Մրգերն ու հատապտուղներն անփոխարինելի են վիտամինների մեծ քանակության, առողջության և երկարակեցության համար անհրաժեշտ հանքային աղերի շնորհիվ։ Օրգանական թթուների, եթերային յուղերի, ածխաջրերի, սպիտակուցների և շատ կարևոր բջջանյութի շնորհիվ դրանք շատ սննդարար են, հայտնի են նաև բուժիչ հատկություններով։ Նիհարել ցանկացողների համար մրգերի և հատապտուղների բջջանյութը հիանալի միջոց է։

Այս խորագրի վերջին նյութերը