Կարծիք

26.12.2014 19:54


Վահան Բաբայան

Վահան Բաբայան

Երբ Նիկոլ Փաշինյանի մասին սկսեցին հրապարակումներ արվել, որ նա իրականում զբաղվում է պոպուլիզմով ու իշխանության «դաբռոյով» արմատական ընդդիմադիրի դեր է տանում, նա, որպես իրական իշխանական լեգիոներ, բավական խելացի գտնվեց (կամ նրան հուշեցին լինել խելացի) և չմտավ բանավեճի կամ այդ տեղեկությունները հերքելու անիմաստ դաշտ, քանզի փոքր երկրում եւ մի բուռ քաղաքական դաշտում անգամ Շտիրլիցը չէր կարող նման բացահայտ փաստը գաղտնի պահել։ Բայց քանի որ հիշաչարությունը Նիկոլի մանկական այիբներից է, վերջինս որոշեց «օգտվել» Արծվիկ Մինասյանի մասին իմ դիտարկումներից եւ դառնալով Արծվիկի հասարակական փաստաբանը՝ իր անձնական օգտագործման եւ խիստ հայտնի շենքից ֆինանսավորվող թերթոնում երկու օր շարունակ մաղձազատվեց ու թունազատվեց՝ շուրջբոլորը տարածելով վայրի գարշահոտություն։
Մենք, իհարկե, միանգամայն հասկանում ենք, որ իշխանությանը պաշտպանող ցանկացած անձ մեխանիկորեն եւ աքսիոմատիկ կերպով դառնում է Նիկոլի պաշտպանության թիրախը, քանզի այդպիսին է պետվատվերի պայմանագիրը՝ կնքված Նիկոլի կորպորացիայի հետ։ Ինչպես եւ միանգամայն տրամաբանական է, որ իշխանության քննադատները, նույն աքսիոմայից ելնելով, դառնում են Նիկոլի կենդանի թիրախները՝ բնականաբար, նույն պայմանագրի հաջորդ կետի համաձայն։ Նիկոլի դհոլությունն, անշուշտ, շատ ավելի խոր արմատներ ունի, քանզի Նիկոլը, որպես հաճախորդ, կլիենտների հարեմում բացառիկ կարգավիճակ ունի։ Շատ քիչ հաճախորդների է տրված իրավունք «օբյեկտիվության» շղարշը պաշտպանելու համար քննադատել սեփական տերերին, ում ձեռքից կեր ես վերցնում։ Նիկոլն ու եւս մեկ-երկուսը իրենց հալալ քրտինքով են վաստակել հաճախորդաց հարեմում նման արտոնյալ կարգավիճակը, ինչը ես չեմ էլ պատրաստվում վիճարկել։
Իհարկե, ես չէ, որ հանրությանը պիտի ներկայացնեմ Նիկոլի քաղաքական պորտրետը. չեմ կարծում, որ Հայաստանում այլեւս մնացել է գեթ մեկ բանական արարած, որի համար պարզ չլինեն «ընդդիմադիր Նիկոլի»՝ այս իշխանության հետ կնքած քաղաքացիաֆինանսական պայմանագրի բոլոր նրբերանգները։
Հանուն իշխանության հետ նոր պայմանագրի՝ Նիկոլն աննախադեպ թռիչքով «քցեց» այն քաղաքական ուժին, որի շնորհիվ եւ որի միջոցով հայտնվել էր խարհրդարանում։ Ավելին, չունենալով տարրական պարկեշտություն, իր թերթոնի էջերից քննադատում է ոչ միայն «եռյակին» ընդհանրապես ու ԲՀԿ-ին՝ մասնավորապես, քանզի այդ կետը իշխանության հետ կնքած պայմանագրի առանցքային դրույթն է, որը խախտել չի կարելի, այլ նաեւ անձնապես վիրավորում է այն գործչին, ով թույլ տվեց, որ Նիկոլը հայտնվի խորհրդարանում։
Գուցեեւ ոմանց համար քաղաքականությունն աշխարհի ամենահին մասնագիտություններից մեկն է, սակայն Նիկոլն ու իր նմաններն ամեն օր համառորեն ապացուցում են, որ իրենց նմանների համար քաղաքականությունը մի քայլ առաջ է հրապարակային մարմնավաճառությունից։
Նամակ 1 եղած 11–ից

Վահան Բաբայան

Այս խորագրի վերջին նյութերը