Լրահոս

23.12.2014 13:42


Մեկ տարի առաջ՝ այս օրը, ՀՀ ԱԺ–ն ընդունեց «գազային» վիճահարույց համաձայնագիրը (ֆոտո, տեսանյութ)

Մեկ տարի առաջ՝ այս օրը, ՀՀ ԱԺ–ն ընդունեց «գազային» վիճահարույց համաձայնագիրը (ֆոտո, տեսանյութ)

2013թ. դեկտմեբերի 23–ի նիստում Հայաստանի խորհրդարանը հաստատեց ՀՀ–ի և ՌԴ–ի միջև ստորագրված վիճահարույց «գազային» համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ–ի վերցրած 20 րոպե ընդմիջումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ընդդիմությունը ցանկանում է ամեն կերպ ձախողել քվեարկությունը, և այդ նպատակով վերցրել են պատգամավորների էլեկտրոնային քարտերը։

«ԱԺ–ին ամոթ է, որ նման պատգամավորներ կան, ովքեր փորձում են խարդախությամբ, նենգությամբ տապալել մեր աշխատանքները»,–հայտարարեց Հ. Աբրահամյանը։

Նա քվեարկությունը կազմակերպեց «ձեռքերը վեր բարձրացնելու» տարբերակով։ Երբ քաղաքական մեծամասնության պատգամավորները ձեռքերը վեր պարզեցին, ոչիշխանական խմբակցությունները՝ ի նշան բողոքի, լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։

Այդ ընթացքում իրենց բողոքն էին արտահայտում նաև ԱԺ դահլիճում և օթյակում հավաքված լրագրողները։ Նրանք հարվածում էին պատուհաններին՝ պարզելով «Մի՛ քվեարկեք» գրությամբ պաստառ։

Արդեն կիսադատարկ դահլիճում, միայն իր կուսակիցներով շրջապատված՝ Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ համաձայնագիրը հաստատվել է 77 կողմ ձայնով։

Սակայն այնուհետև Հաշվիչ հանձնաժողովի նախագահն ասաց, որ ձայները հաշվելիս ինքը թյուրիմացություն է թույլ տվել, և կողմ են քվեարկել ոչ թե 77–ը, այլ 72-ը:

Ի նշան բողոքի՝ ԱԺ դահլիճից հեռացած ոչիշխանական խմբակցությունները հայտարարություն տարածեցին՝ պնդելով, որ համաձայնագիրը ՀՀ խորհրդարանի կողմից չի վավերացվել։

Այնուհետև ՀՀ ԱԺ–ի պաշտոնական կայքէջում տեղեկատվություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացվե՛լ է։

Նշենք նաև, որ խորհրդարանի շենքի մոտ էլ էին քաղաքացիները բողոքի գործողություն իրականացնում՝ բացականչելով. «Սեր–ժի՛կ, հեռացի՛ր, Սեր–ժի՛կ, հեռացի՛ր»։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը