Լրահոս

23.12.2014 12:24


Իրականում ադրբեջանցիներով 2 օդանավ է վայրէջք կատարել Երևանում. գոհ ու շնորհակալ հեռացել են. պարզաբանում

Իրականում ադրբեջանցիներով 2 օդանավ է վայրէջք կատարել Երևանում. գոհ ու շնորհակալ հեռացել են. պարզաբանում

Ինչպես հայտնել էինք, Կիև-Թբիլիսի չվերթն իրականացնող օդանավը հարկադրված է եղել վայրէջք կատարել Երևանում։ Դրանում գտնվող 25 ադրբեջանցիներից մեկը «Diaspora TV»-ին պատմել էր, որ իրենք վախեցել են դուրս գալ օդանավից:

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը «7օր»–ին մանրամասներ է ներկայացրել՝ հայտնելով, որ իրականում ադրբեջանցիներով 2 օդանավ է վայրէջք կատարել Երևանում, ովքեր գոհ ու շնորհակալ հեռացել են մեր երկրից։

–Շաբաթ–կիրակի և կիրակի–երկուշաբթի լույս գիշերները Կիև–Թբիլիսի–Կիև չվերթն իրականացնող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության օդանավը Թբիլիսիում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վայրէջք է կատարել Երևանում։ Առաջին անգամ օդանավում եղել է 24 ադրբեջանցի, երկրորդ անգամ՝ 13։ Ապահովել ենք ամե՛ն ինչով՝ սնունդով, նույնիսկ երկրորդ օրը 4 հոգի չեն իջել օդանավից, դե, գիշերն էլ սառում է օդանավը, և անձնակազմի ու այդ չորս ադրբեջանցու համար ապահովել ենք օդանավի տաքությունը, որպեսզի չսառչեն։ Գիշերը՝ ժամը 01։00–ին են եկել, առաջինը առավոտյան 08։00–ին է գնացել Թբիլիսի, երկրորդը՝ մոտ 06։00–ին։ Գոհ ու շնորհակալ, ինչպես ասում են՝ «աղ ու հացով», մեր անվտանգությունից շատ գոհ, շնորհակալություն ասելով, վերջում ձեռքներս սեղմելով հեռացել են,–նշել է Ռ. Գրձելյանը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական մամուլում բարձրացված աղմուկին, քաղավիացիայի մամուլի խոսնակն ընդգծել է, որ դրա հեղինակն ադրբեջանցի մեկ ուղևորն է միայն։

–Բացառությամբ նրանից՝ մնացածը շատ գոհ ու շնորհակալ մարդիկ էին։ Ինչ վերաբերում է անձնագրերը վերցնելուն, ապա այդպիսի խնդիր չի եղել. իրենք սահման չեն հատում, ուղղակի երբ նորից հետ են նստում ինքնաթիռ, պարզ է՝ անձագրերը ստուգվում են,–ընդգծել է Ռ. Գրձելյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը