Հարցազրույց

01.10.2009 14:00


Եղիա Ջերեջյան

Եղիա Ջերեջյան

Հարցազրույց  Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Եղիա Ջերեջյանի հետ

-Ի՞նչ դիրքորոշում ունեք հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։

-Ես հայ-թուրքական հարաբերություններում «real politic»-ի կողմնակից եմ։ Երբ Հայաստանը Թուրքիայի հետ դեսպանատների մակարդակով հարաբերություններ ունենա, ես Ցեղասպանությունից զիջողական բան չեմ տեսնում։ Եթե նույնիսկ սահմանը բացվեց, դարձյալ այդ վտանգը չեմ տեսնում։ Սակայն իշխանությունների հանդեպ այնքան շատ մտավախություն կա մեր ժողովրդի մեջ, որ մարդիկ մտածում են, թե իշխանությունները թաքցրած բաներ ունեն, արդեն պատրաստի քայլեր ունեն, որոնք հիմիկվանից չեն բացահայտում, բայց քայլ առ քայլ պետք է գնան Ցեղասպանության ճանաչման թափի նվազման և նույնիսկ զիջումների ղարաբաղյան հարցում։ Ես անձնապես էլ եմ վտանգներ տեսնում։ Որովհետև, այո՛, այսօրվա իշխանություններն այդ մտավախությունն ինձ էլ են ներշնչում։

-Որքանո՞վ է հնարավոր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի անդրադարձը արցախյան հիմնահարցի վրա։

-Ղարաբաղի հարցում ես և մեր կուսակցությունը սկզբունքային ենք։ Մենք գտնում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի վրա։ Երկրորդ՝ ինչ-որ լուծում էլ առաջարկվի ղարաբաղյան հարցի լուծման համար, մեր կուսակցության ըմբռնումն այն է, որ առաջին հերթին Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է այդ լուծմանն իր «այո»-ն ասի։ Այն բոլոր պարագաներում, երբ Ղարաբաղի ժողովուրդն ինքը համաձայն չէ առաջարկված որևէ լուծմանը, այդ լուծումն ընդունելի չէ մեզ համար։ Վերջին հաշվով՝ Ղարաբաղն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, իսկ մենք՝ որպես ազգակից, որպես հայ, թիկունք պետք է կանգնենք իր նախընտրած լուծմանը։ Բնական է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ազդեցություն կունենա։ Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանը կնեղանա Թուրքիա-Հայաստան մերձեցումից։ Դա ինքնաբերաբար կազդի ղարաբաղյան հարցի լուծման իր արմատական կեցվածքի վրա։

-Ըստ Ձեզ, ներկայիս գործընթացների առումով, Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն ինչո՞վ  է տարբերվում իշխանությունների վարած քաղաքականությանից։

-Լևոն Տեր-Պետրոսյանը չթաքցրեց, որ նամանավանդ այս վերջին հարցերում օրվա իշխանությունների հետ նույն ձևի մտածելակերպ ունի շատ կետերում։ Մենք էլ չթաքցրեցինք, որ մեր կուսակցությունը, Լևոն տեր-Պետրոսյանի դաշնակիցը լինելով, նրա այս կեցվածքները չի կիսում։

-Թուրքիայի քաղաքական վերնախավը պմդում է որ, հոկտեմբերի 10-11-ին արձանագրությունները կստորագրվեն, ինչից հետո կվավերացվեն։ Այս դեպքում ի՞նչ գործողություններ են սպասվում թե՛ համայնքի, թե՛, ընդհանրապես, սփյուռքի կողմից։

-Բողոքի շարժումներ պետք է լինեն։ Մենք ազգայնորեն քրքրված վիճակում ենք, և մարդիկ վախենում են, որ այս ստորագրությունները կբերեն զիջողական կեցվածքի։ Այդ մտավախությունների ազդեցության տակ մարդիկ իրենց բողոքը պետք է արտահայտեն։ Բնական է՝ դրանք ազդեցություն կունենան։ Ի՞նչ չափով, չեմ կարող ասել։ Վերջին հաշվով, եթե սփյուռքում բողոքի շարժումներ կան իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ, անպայմանորեն դա իր ազդեցությունը կունենա։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

 

 

Այս խորագրի վերջին նյութերը