Կարծիք

20.12.2014 17:50


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Իշխանափոխությունը կշատացնի բազմաթիվ ներդրումային ծրագրերը

Երեկ հանդիսավորությամբ բացվեց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կառուցված «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրը, որը նաև օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ է եղել, ինչը Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում չի կարողանում անել իշխանությունը:

Ներդրումային թեմային առնչվող այդ հրաշալի նորությանը Բաղրամյան 26-ի մանկլավիկների թունոտ և անհեթեթ արձագանքները թողնում եմ անպատասխան, քանի որ մեր մեծերն ասում էին. «Ամենաանշնորհակալ գործը «ղամմազին» բան հասկացնելն է», ավելի լավ է հասարակության հետ կիսվեմ այդ նորության տպավորությամբ:

Այն որ այդ շինարարության վրա հսկայական գումարներ են ներդրվել, ու դրանով լրացուցիչ աշխատատեղեր էին ստեղծվել հարյուրավոր, եթե չասենք՝ հազարավոր մեր հայրենակիցների համար, արդեն իսկ ուրախալի փաստ է:

Պակաս կարևոր չէ նաև հարցի քաղաքական, նաև բարոյական կողմը: Բավական է նշել, որ մեր շատ շինարարներ երաշխավորված աշխատանք ունեին, որ կարող էին օրվա վերջում տուն գնալ և իրենց խնդիրները լուծել։ Մինչդեռ ավելի վատ պայմանների համար այսօր մեր շատուշատ քաղաքացիներ ստիպված մեկնում են արտագնա աշխատանքի:

Ողջ-առողջ հոր պարագայում արտագնա աշխատանքի մեկնողների երեխաները գործնականում անհայր են մեծանում, իսկ իրենց երիտասարդ կանայք՝ առանց ամուսին են իրենց լավագույն տարիներն ապրում: Էլ չեմ խոսում ցավալի իրողության մասին, որ շատերն էլ ուրիշի ամուսիններով են «յոլա» գնում: Ու պատկերացրեք, թե ինչպես է նրանց երեխաների մոտ՝ «մայր իմ սուրբ ու բարի» կերպարը ձևախեղվում, երբ նման երևույթները սովորաբար թաքուն չեն մնում:

Ի դեպ՝ Հայոց աշխարհի արժանապատիվ խոպանչինե՛ր, բա ինչո՞ւ չեք գալիս ու ձեր ընտանիքներն այս վիճակի մեջ գցողի գլուխը ջարդում, այլ ոչ թե նրա՝ ով հայհոյել էր ձեզ այդ վիճակի մեջ գցողին: Սա ի միջի այլոց։

Բայց «Մուլտի Գրանդի» կարևորությունը սրանով չի սահմանափակվում: Դա մի սովորական բիզնես չէ, որ, ասենք՝ մի դեղատան կողքին մյուսը բացեն, ու երկուսն էլ հազիվ ծայրը-ծայրին հասցնեն: Նման մակարդակի բազմաֆունկցիանոլ այլ օբյեկտ չկա մեր երկրում, ուստի սա զբոսաշրջիկների, գործարարների ու միջազգային համաժողովների տարբեր մասնակիցների լրացուցիչ հոսք է ապահովելու: Սա նաև երաշխիք է օտարերկրյա ներդրողների համար, որ եթե չեն վստահում մեր իշխանություններին ու ներդրում չեն կատարում, ապա կան մարդիկ, որոնց կարելի է վստահել ու այստեղ գործ դնել: Այս համալիրի միջոցով նաև ժամանակակից մենեջմենտի կուլտուրա է մտնում Հայաստան։

Ծառուկյանը հիմա կազմակերպեց այդ համալիրի բացումը, որպեսզի այս ծանր օրերին, երբ իշխանությունները բառիս բուն իմաստով դատարկեցին մարդկանց խնայողությունները, ցույց տա, որ կա նաև այլ մոտեցում։ Որ կարելի է ոչ թե մարդկանց թալանել, այլ աշխատատեղեր ստեղծել ու մարդկանց համար հեռանկարի հույս ապահովել։

Բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ Ծառուկյանից հանրությունը միայն գերհաջողված բիզնես–նախագծերի իրականացում չի սպասում։ Ավելի ճիշտ՝ միայն այդպիսի նախագծեր չի սպասում։

Հասարակությունն այլևս ավելին է պահանջում Գագիկ Ծառուկյանից՝ դրանով իսկ ցույց տալով, որ հավատում է նրան: Հավատում է, որ Համաժողովրդական շարժման մեջ Ծառուկյանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի առանցքային դերակատարությամբ հնարավորինս արագ կհասնենք արտահերթ ընտրությունների, որպեսզի ժողովրդի վստահության քվեն ստացած նոր իշխանությունը լինի արդար կառավարիչ, պետական բյուջե մտած գումարներն էլ հասնեն հասցեատերևերին՝ յուրաքանչյուր քաղաքացուն: Ու այդ ժամանակ ոչ թե սոսկ կուրախանանք «Մուլտի Գրանդ»-ի նման կառույցով, այլ ամեն մի զբոսաշրջիկի ձեռքը փողոցում կբռնենք ու կտանենք մեր տեսարժան վայրերը ցույց կտանք: Չէ՞ որ նաև մեր երկրում նրանց ծախսած գումարներով ենք լավ ապրելու, բա չանե՞նք այնպես, որ գոհ գնան մեզանից:

Կարճ ասած. մեր հասարակությունն արդեն ձևակերպել է մեր իշխանությունների հանդեպ քաղաքական պահանջ՝ հեռացե՛ք, ու դրան զուգահեռ արդեն տեսնում է այն քաղաքական թիմը, որն ունակ է այդ քաղաքական պահանջն ի կատար ածելու: Դե ինչ՝ ի գո՛րծ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1515639712041144&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը