Լրահոս

19.12.2014 18:26


Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջոն Հեֆերնին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի ու ակտիվ համագործակցության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-ամերիկյան կապերի սերտացման և համատեղ ծրագրերի իրականացման գործում, ինչի արդյունքում երկկողմ հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել: Կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն կարևոր գործընկեր է մեր երկրի համար, և Հայաստանը բարձր է գնահատում անկախության հռչակումից ի վեր ԱՄՆ-ի կառավարության կողմից շարունակական ֆինանսական և տեխնիկական օժանդակության տրամադրումը:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին կառուցողական համագործակցության համար, արդյունավետ համարել մեր երկրում պաշտոնավարման տարիները և նշել, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: Ջոն Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ հայ-ամերիկյան կապերն այսուհետ ևս դինամիկ կզարգանան` ընդգծելով, որ ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը