Լրահոս

19.12.2014 15:06


Մետրոպոլիտենի 3 աշխատակիցների գործի քննության վերսկսումը ձևական է

Մետրոպոլիտենի 3 աշխատակիցների գործի քննության վերսկսումը ձևական է

Երևանի մետրոպոլիտենի նախկին աշխատողներ Գագիկ Գալստյանը, Սևակ Հովհաննիսյանն ու Անդրանիկ Գևորգյանը 2014թ. փետրվարի 11-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված ցույցին մասնակցելու պատճառով զրկվեցին աշխատանքից:

Հիշեցնենք, որ երեք աշխատողներ` Սևակ Հովհաննիսյանը, Գագիկ Գալստյանը ու Անդրանիկ Գևորգյանը դիմել են դատարան` աշխատանքից ազատման հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով վճարում կատարելու պահանջով: Որպես նրանց աշխատանքից ազատման հիմք է նշվել ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 6-րդ կետը` աշխատողի նկատմամբ վստահության կորուստը:

Դեկտեմբերի 16-ին նշված գործով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի կողմից պետք է կայացվեր նշված գործով վճիռը: Իսկ աշխատակիցների շահերը դատարանում ներկայացնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան` Քրիստինա Գևորգյանը:

Դատարանը, «անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը», վերսկսել է գործի քննությունը: Գործի քննությունը վերսկսելը դատարանը պատճառաբանել է նրանով, որ իբր հարկ կա անդրադառնալ պատասխանող կազմակերպության կողմից որպես ապացույց ներկայացված ամենօրյա կատարվող աշխատանքների վերաբերյալ մատյանների հետազոտությանը:

Գտնում ենք` գործի քննության վերսկսումը կրում է ձևական բնույթ, քանի որ նախ ներկայացված մատյանները չեն կարող համարվել հիմնավոր ապացույց` ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված աշխատանքից ազատման հիմք, երկրորդ` դատարանը թե´ նախնական դատաքննության, թե´ բուն դատաքննության փուլերում /թվով 8 նիստերով/ մանրամասն ուսումնասիրել է նշված մատյանները, ստացել է մանրակրկիտ պարզաբանումներ պատասխանողի ներկայացուցիչներից` կապված մատյանների բովանդակության, լրացման կարգի, մատյանները վարողների և քննվող գործին այդ մատյանների վերաբերելիության հետ:

Գործի քննությունը նշանակվել է 2015թ. հունվարի 19-ին` ժամը 16:00-ին:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը