Տնտեսական

19.12.2014 14:11


ԲՀԿ պատգամավոր. «Մենք լուրջ պատասխանատվություն էինք զգում այս երկրի առջև»

ԲՀԿ պատգամավոր. «Մենք լուրջ պատասխանատվություն էինք զգում այս երկրի առջև»

Այսօրվա ասուլիսին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադառնալով Հայաստանում առկա ֆինանսական իրավիճակին՝ նշել է, որ այն աննախադեպ է, և դրամի արժեզրկումն անդրադարձավ բոլոր շերտերի վրա. «Որպեսզի մենք այլևս թույլ չտանք, որ այսպիսի վայրիվերումներ լինեն, անհայտության, անորոշության, անելանելիության մթնոլորտ առաջանա, դեռևս 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ասում էինք, որ պետք է գնալ այլ ուղղությամբ, որ երկիրը շեղվել է իր բնականոն ճանապարհից։ Մենք արդեն զգում էինք և՛ մասնագիտորեն, և՛ քաղաքական լուծումների առումով, որ ինչ-որ բան պետք է կատարվի»։

Ըստ Միքայել Մելքումյանի՝ դրամի արժեզրկումը պայմանավորված է երկու հանգամանքով՝ արտաքին ազդեցությամբ և երկրում առկա տնտեսական իրավիճակով։

«Ո՞նց ենք տանում տնտեսական քաղաքականությունը, որ քո երկրի տնտեսության դիմադրողականությունը համարյա զրոյական է։ Եվ դրա շարժառիթները, գործոններն ակնհայտ բաներ չէին։ Բոլորս գիտեինք, որ վերջին 2-3 տարվա ընթացքում Հայաստանում այլևս ներդրումներ չեն կատարվում», – ասել է ԲՀԿ–ական պատգամավորը։

Մելքումյանն ընդգծել է, որ երկրի տնտեսությանը ներդրումներն առավել քան անհրաժեշտ են.

«Ոչ թե կոսմետիկ, հատվածային փոփոխություններ են պետք, այլ արմատական, խորքային փոփոխություն է անհրաժեշտ մեր երկրին։ Եվ քանի որ մենք գնում ենք 2015 թվական, ես սպասում եմ, որ այդ փոփոխությունները մենք ձեզ հետ միասին ենք անելու»։

Պատգամավորը տեղեկացրել է նաև, որ ՀՀ ԱԺ արտահերթ նիստին նախորդել է Գագիկ Ծառուկյանի հետ խորհրդակցությունը. «Մենք՝ որպես ոչիշխանական քաղաքական ուժ, մեր մյուս ոչիշխանական գործընկերների հետ լուրջ պատասխանատվություն էինք զգում այս երկրի առջև, որ մենք ունենք պատասխանատվություն՝ վիճակը ինչ-որ չափով մեղմացնելու կամ պարզեցնելու», – ասել է պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը